‘
Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգն ափսոսանք է հայտնել, որ թիմը վաճառել է Հենրիխ Մխիթարյանին եւ Իլկայ Գյունդոգանին:
«Հույս ունեմ, որ նոր մրցաշրջանում մենք կնվաճենք առնվազն մեկ տիտղոս: Մխիթարյանն ու Գյունդոգանը շատ արժեքավոր էին, ինձ ապահովում էին գոլային փոխանցումներով: Սակայն ակումբը նաեւ ձեռք է բերել տաղանդավոր խաղացողների: Մեզ հետ են նաեւ մեծ փորձ ունեցող Շյուրլեն ու Գյոտցեն»,- Օբամեյանգի խոսքը մեջբերում է Goal.com -ը:
«Բորուսիան» այս ամռանն կատարել է մոտ 110 միլիոն եվրոյի տրանսֆեր՝ սահմանելով Բունդեսլիգայի ռեկորդ:
Մատս Հումելսի, Իլկայ Գյունդոգանի եւ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերների վաճառքից մոտ 110 միլիոն եվրո ստացած «Բորուսիան» գնել է 8 ֆուտբոլիստների. 20-ամյա Միկել Մերինոյի համար իսպանական «Օսասունային» վճարել է 3.5 միլիոն եվրո, 19-ամյա Էմրե Մորի համար դանիական «Նորդշելանին»՝ 7 միլիոն, 25-ամյա Մարկ Բարտրայի համար «Բարսելոնային»՝ 8 միլիոն, 25-ամյա Սեբաստիան Ռոդեի համար «Բավարիային՝ 12 միլիոն, 19-ամյա Ուսման Դեմբելեի համար ֆրանսիական «Ռենին»՝ 15 միլիոն, 22-ամյա Ռաֆայել Գերեյրոյի համար ֆրանսիական «Լորյենին»՝ 12 միլիոն, 24-ամյա Մարիո Գյոտցեի համար «Բավարիային»՝ 26 միլիոն, 25-ամյա Անդրե Շյուրլեի համար «Վոլֆսբուրգին»՝ 30 միլիոն եվրո:
‘