‘«Օգնեցե՜ք, սատարում են»’

1561

Հայաստան՝ այն հրաշք երկիրը, որ մեզ է պատկանում

Փետրվար ամիս

«Ժառանգություն» կուսակցության գրասենյակ: Րաֆֆի Հովհաննիսյանը նստած է աթոռին, ձեռքերը` հաստ թելերով կապված են աթոռի «մեջքին»: Նրա դեմքին թախիծ կա, եւ միաժամանակ` խորին ընդդիմություն է նկատվում նրա աչքերի մեջ:

Կողքը կանգնած է Խաչատուր Քոքոբելյանը, ով պարբերաբար հետ ու առաջ է գնում:

Խ.Քոքոբելյան— Ի՞նչ, դեռ դիմադրո՞ւմ եք:

Ր.Հովհաննիսյան— Անշուշտ: Ձեր սատարումը որեւէ հարցում ցանկալի չէ:

Խ.Քոքոբելյան— Նորից եմ հարցնում` չե՞ք ուզում, որ սատարեմ Ձեզ:

Ր.Հովհաննիսյան— Ոչ մի դեպքում: Այս պատմական պահի հանգույն նման սատարումը ցանկալի չէ:

Խ.Քոքոբելյան— Դիմադրո՞ւմ եք:

Ր.Հովհաննիսյան-Այո:

Խ.Քոքոբելյան— Չե՞ք ուզում:

Ր.Հովհաննիսյան-Ոչ:

Խ.Քոքոբելյան— Սատարելու եմ:

Ր.Հովհաննիսյան-Ոչ:

Խ.Քոքոբելյան— Սատարելու եմ:

Ր.Հովհաննիսյան— Ոոոոչ՜:

Խ.Քոքոբելյան— Միեւնույն է` սատարելու եմ:

Ր.Հովհաննիսյան— Չեմ ցանկանում:

Խ.Քոքոբելյան— Միեւնույն է` այլընտրանք չունեք: Պետք է ընդունեք իմ սատարումը:

Ր.Հովհաննիսյան— Ոչ, ասում եմ: Դրա կարիքը բնավ չունեմ:

Խ.Քոքոբելյան— Եթե դիմադրեք, կսատարեմ` զոռով:

Ր.Հովհաննիսյան-Իրավունք չունեք: Դուք չեք կարող բռնանալ իմ կամքին:

Խ.Քոքոբելյան— Այո, հենց բռնի ուժով` կվերցնեմ ու կսատարեմ:

Ր.Հովհաննիսյան— Ես դեմ եմ:

Խ.Քոքոբելյան— Բայց ձեզ ո՞վ է հարցում: Կարեւորը` ես կողմ եմ:

Ր.Հովհաննիսյան –Օգնեցե՜ք: Նա ինձ ուզում է սատարել:

Խ.Քոքոբելյան— Մի գոռացեք, ամոթ է: Հասուն քաղաքական գործիչ եք, բայց մինչեւ հիմա ձեզ ոչ մեկ չի սատարել: Ամո՞թ չի: Թողեք գոնե ես ձեզ սատարեմ: Ես կլինեմ առաջին գործիչը, ով սատարած կլինի ձեզ:

Ր.Հովհաննիսյան— Ես ավելի լավ է ամբողջ կյանքս չսատարված մնամ, քան դուք սատարեք ինձ: Այն էլ` առաջինը:

Խ.Քոքոբելյան— Լսեք, ես հարուստ մարդ եմ, բիզնեսներ ունեմ: Չեք փոշմանի: Թողեք` սատարեմ ձեզ:

Ր.Հովհաննիսյան –Ո՜չ: Օգնեցե՜ք: Նա ինձ հիմա կսատարի:

Խ.Քոքոբելյան— Մի գոռացեք ասում եմ: Ամոթ է ախր: Ձեր տարիքի գործչին չի սազում:

Ր.Հովհաննիսյան –Այո, տարիքս: Հարգեք գոնե տարիքս: Թողեք ինձ: Պետք չի: Ավելի լավ է ոչ մեկ չսատարի ինձ, ավելի լավ է` ինքս ինձ սատարեմ, բայց ոչ` դուք:

Խ.Քոքոբելյան— Պարոն Հովհաննիսյան, էս ինչե՞ր եք ասում: Բա ամո՞թ չի, որ դուք ձեզ սատարեք: Թողեք` ես կսատարեմ:

Ր.Հովհաննիսյան— Ոչ, հանուն այն Հայաստանի, որ վաղն է գալու, հանգիստ թողեք ինձ:

Խ.Քոքոբելյան— Չեմ կարող: Արդեն տղամարդու խոսք եմ տվել, որ պիտի սատարեմ ձեզ: Ամբողջ Հայաստանը արդեն գիտի այդ մասին:

Ր.Հովհաննիսյան –Այսինքն, դուք նաեւ հասցրել եք խայտառակե՞լ իմ անբասիր անունը:

Խ.Քոքոբելյան- Ոչ, ես ուղղակի տղամարդու խոսք եմ տվել, ու պիտի սատարեմ:

Ր.Հովհաննիսյան— Ավելի լավ էր` պահեիք ձեր մյուս խոսքը, եւ մանդատը վայր դնեիք:

Խ.Քոքոբելյան— Դե էլ մի սկսեք, Րաֆֆի: Ամոթ է: Այն ժամանակ ես համ լեզուս էի կծել, համ էլ` մատերս էի խաչ արել:

Ր.Հովհաննիսյան— Այսինքն, դուք ինձ ստե՞լ եք:

Խ.Քոքոբելյան— Դադարեցրեք Րաֆֆի: Ավելի լավ է, հանգիստ նստեք, որ արձակեմ ձեր ձեռքերը:

Ր.Հովհաննիսյան— Ոչ, ես կդիմադրեմ: Ես ամեն ինչ կանեմ, որ դուք ինձ չկարողանաք սատարել:

Խ.Քոքոբելյան— Չեք կարող ոչինչ անել: Ասել եմ` կսատարեմ, ուրեմն կսատարեմ:

Ր.Հովհաննիսյան –Ես կդիմեմ ՄԻԵԴ, կդիմեմ ԱՄՆ դեսպանին, վերջապես՝ կդիմեմ Օմբուդսմենին:

Խ.Քոքոբելյան- Աստված իմ: Կամ ես նրան կտանեմ նախագահական նստավայր, կամ նա ինձ` ՄԻԵԴ:

Ր.Հովհաննիսյան –Հենց հիմա արձակեք ձեռքերս:

Խ.Քոքոբելյան- Եթե արձակեմ, խոստանո՞ւմ եք, որ չեք գոռգոռա ու չեք փախնի:

Ր.Հովհաննիսյան-Արձակեք, ասում եմ:

Խ.Քոքոբելյան— Խոստանո՞ւմ եք:

Ր.Հովհաննիսյան – Արձակե՜ք:

Խ.Քոքոբելյան- Խոստանո՞ւմ եք:

Ր.Հովհաննիսյան-Արձակեք:

Խ.Քոքոբելյան— Լավ, հիմա կարձակեմ, բայց գոռալ, փախնել, քացով խփել չկա: Հանգիստ կնստենք ու կքննարկենք ամեն ինչ:

Ր.Հովհաննիսյան-Արձակեք:

Խ.Քոքոբելյան- Հիմա ես կմոտենամ եւ կարձակեմ ձեր ձեռքերը:

Ր.Հովհաննիսյան-Արագացրեք:

Խ.Քոքոբելյան— Ես հիմա կարձակեմ ու դուք չեք գոռալու, չեք փախնելու:

Ր.Հովհաննիսյան-Արձակե՜ք:

Խ.Քոքոբելյան— Լավ: Բայց` հետո հանգիստ պիտի խոսենք:

Ր.Հովհաննիսյան-Արձակե՜ք:

Քոքոբելյանը մոտենում է Հովհաննիսյանին եւ արձակում է նրա ձեռքերը: Հովհաննիսյանը անմիջապես վեր է կենում տեղից ու սկսում է վազել` մեկ այս կողմ, մեկ` այն, եւ գոռում է` «Օգնեցե՜ք, նա ցանկանում է սատարել ինձ»:

Քոքոբելյանը վազում է նրա հետեւից եւ փորձում է բռնել: Սենյակում սարսափելի աղմուկ է: Դռան մյուս կողմում կանգնած են «Ազատ Դեմոկրատներ» եւ «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները: Նրանցից մի քանիսը ականջները մոտեցրել են դռանը:

«Ժառանգությունից» մեկը հեռվից գոռում է. «Հը՞, ի՞նչ է կատարվում այնտեղ»: Դռնից ականջ դնողներից մեկը՝ «Ինձ թվում է` շուտով Քոքոբելյանը կսատարի»:

Բոլոր պերսոնաժները հորինված են, ցանկացած նմանություն կամ համընկնում Հայաստանի քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ` պատահականություն է:

iLur.am-ի քաղաքական հումորի բաժին

 

 

Նախորդ հոդվածը‘Քաղաքացիները Հայաստան-Իտալիա խաղից ակնկալիքներ ունեն’
Հաջորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Վրաստանը հանձնեց ժողովրդավարության քննությունը ‘