‘
Սիրիահայ աջակցության «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը լայն արձագանք է ստացել հասարակության ամենալայն շերտերի շրջանում:
«Արդեն իսկ հավաքագրվել է 40 տոննա պարենամթերք, այդ թվում՝ դեղորայք, ընթանում են բանակցություններ, և շուտով բարերաների հատկացումներով բեռնված առաջին ինքնաթիռը կմեկնի Սիրիա: Նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ, քանի որ պատերազմը շարունակվում է, իսկ հայ համայնքը աջակցության կարիք ունի: Իրավունք չունենք բավարարվել եղածով և պետք է շարունակենք բարեգործական աշխատանքները, քանի որ ՀՀ կառավարությունն ու յուրաքանչյուր հայ անտարբեր լինելու իրավուքն չունի, իսկ մենք կփորձենք ընդլայնել նյութական աջակցությունը»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց «Օգնիր եղբորդ» նախաձեռնող խմբի անդամ, դաշնակցական, չորրորդ գումարման ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
Նրա փոխանցմամբ՝ նվիրատվություններին մասնակցել են բազմաթիվ գործարարներ: Որպես օրինակ՝ «Ալեքս Գրուպը» տրամադրել է 5 տոննա շաքարավազ, 5 հազար շիշ ձեթ: Նվիրատվություններին մասնակցել են նաև «Արցախ ֆրուդը», «ՍԱՍ գրուպը», «Աշտարակ կաթը», «Գրանտ Քենդին», «Միկա մետալը» և այլն:
ԲՀԿ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն էլ նվիրաբերել է 15մլն, իսկ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը՝ 5 մլն դրամ, ԱԺ բոլոր խմբակցությունները տրամադրել են մեկ օրվա աշխատավարձը, օգնության ձեռք է մեկնել նաև Արցախի կառավարությունը՝ զգալի քանակությամբ պարենամթերք տրամադրելով:
Հիշեցնենք, նաև որ բոլոր ցանկացողները «ՎիվաՍել-ՄՏՍ» կապի ծառայության ցանցում, 1890 կարճ համարին ուղարկելով «ՕԳՆԻՐ»բառը, իրենց համեստ մասնակցությունը կբերեն սիրիահայ համայնքի աջակցության «Օգնիր եղբորդ» հիմնադրամին: (1 sms-ի արժեքը 200 դրամ է): Իսկ հավաքագրման աշխատանքներին մասնակցելու համար կարելի է դառնալ կամավոր՝ զանգահարելով 57-36-14 հեռախոսահամարով:
Պատրաստեց Լիլիթ Լալայանը
Լուսանկարները՝ ՀՄԸՄ ՀԱՍԿ
‘