‘
«Մեր եղբայրներին պատերազմի արհավիրքի դեմ մենակ չթողնելու կոչը լայն արձագանք գտավ։ Եվ ինչպես ակնկալում էինք, նախաձեռնությունը չունեցավ ոչ աշխարհագրական և ոչ էլ գաղափարախոսական սահմաններ։ Մեր տասնյակ համաքաղաքացիներ, հայրենի մտավորականներ, քաղաքական գործիչներ և գործարարներ իրենց նյութական և բարոյական աջակցությունը ցուցաբերեցին «Օգնիր եղբորդ» նախաձեռնությանը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Օգնիր եղբորդ» նախաձեռնող խմբի անդամ Լիլիթ Գալստյանը:
Նրա փոխանցմամբ՝ նախաձեռնության շրջանակներում տարբեր բարերարներից, անհատներից և կազմակերպություններից նվիրաբերվել է 41մլն 312 660 ՀՀ դրամ, 750 000 ռուսական ռուբլի և շուրջ 31մլն 033 210 ՀՀ դրամի պարենամթերք:
Լիլիթ Գալստյանը նշեց նաև, որ «Օգնիր եղբորդ» քաղաքացիական նախաձեռնության առաջին մարդասիրական ինքնաթիռը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից Հալեպ ուղևորվեց հոկտեմբերի 15-ին՝ տանելով 14 տոննա պարենամթերք և դեղորայք։ Թռիչքն իրականացրեց «Էյր Արմենիա» ընկերության AN-12 բեռնատար ինքնաթիռը՝ հայկական անձնակազմով։
Հոկտեմբերի 22-ին Սիրիական ավիաուղիների Երևան-Հալեպ թռիչքով Սիրիա տեղափոխվեց մոտ երկու տոննա մարդասիրական օգնություն, այդ թվում` առաջին անհրաժեշտության դեղորայք։
«Oգնիր եղբորդ» նախաձեռնության հումանիտար օգնության երրորդ խմբաքանակն ուղարկվեց նոյեմբերի 21-ին, թռիչքը դարձյալ իրականացվեց Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից «Էյր Արմենիա» ընկերության բեռնատար ինքնաթիռով: Հալեպ ուղևորված 13 տոննա բեռը բաղկացած էր 12-15 կիլոգրամանոց արկղերից և պարունակում էր պարենամթերք, այդ թվում՝ կաթի փոշի և մեկ տոննա պանիր:
Հալեպ ուղարկված մարդասիրական օգնությունը ստանձնել են տեղի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպությունն ու Հայ Առաքելական Եկեղեցու Բերիո Թեմի Ազգային առաջնորդարանը և համահամայնքային«Շտապ օգնության» հանձնախմբի կազմակերպմամբ բաժանել կարիքավոր ընտանիքների, այդ թվում սիրիացիների։
«Նախաձեռնությունն իր օգնության ձեռքն է մեկնել նաև Հայաստանում հաստատված սիրիահայ մեր հայրենակիցներին։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում հաստատված 20 սիրիահայ ընտանիքների բնակարանաշինական կարիքները հոգալու նպատակով նախաձեռնությունը 5մլն դրամի փոխանցում է կատարել «Քաշաթաղ» հիմնադրամին։ 230 հոգու տրամադրվել է սպորտային կոշիկ և մարզական հագուստ։ 600 ընտանիքների տրամադրվել են 15 կգ-անոց պարենային արկղեր և 600 հոգու տաք ծածկոցներ»,- մանրամասեց Լիլիթ Գալստյանը՝ նշելով նաև, որ սիրիահայ մանուկների համար տարեվերջին կկազմակերպվեն տարեմուտի հանդեսներ, և նրանց կտրվեն ամանորյա նվերներ։
Հիշեցնենք, որ «Օգնիր եղբորդ» քաղաքացիական նախաձեռնությունը մեկնարկել է սեպտեմբերի 18-ին։ Առիթը մոտ մեկ տարի Սիրիայում շարունակվող եղբայրասպան հակամարտությունն էր, որի ողբերգական հետևանքները բացահայտ էին ինչպես Սիրիայի ողջ ժողովրդի, այնպես էլ մեր հայրենակիցների համար։ Պատերազմի ավերիչ ընթացքն անդառնալի կորուստներ էր հասցնում և շարունակում է հասցնել մեր ամենակենսունակ համայնքներից մեկին՝ սիրիահայ համայնքին։
‘