‘
Իսկ այստեղ կենացները քաղցրանում են: Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ իրադարձությունները նոր եւ անսպասելի ընթացք ստացան: Այս աղմուկին անդրադարձել է արդեն Դոնեցկի «Մետալուրգի» համասեփականատեր, ռուսաստանյան խոշոր գործարար Օլեգ Մկրտչյանը:
Մկրտչյանը մեկնաբանելով անգլիական և ռուսական մամուլում տարածված այն լուրերը, թե Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքների մի մասը, ըստ երևույթին, պատկանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին:
«Զարմացած եմ, որ մամուլում լուրեր են տարածվել, թե Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքների մի մասը պատկանում է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, այն դեպքում, երբ նրա տրանսֆերի իրավունքների 50% -ը՝ պատկանում է Դոնեցկի «Շախտյորին», իսկ մյուս 50-ը` ինձ»,- ասել է Մկրտչյանը՝ «Նովոստի Արմենիա» գործակալությանը, տեղեկացնում է Armsport.am-ը:
Նրա խոսքով՝ այդ իրավունքներն ամրագրված են համապատասխան փաստաթղթերում, որոնք անրաժեշտության դեպքում կարող են հրապարակվել:
«Ոչ մի լրատվամիջոց, այդ թվում` ռուսական և անգլիական, իրավունք չունի աղավաղել փաստերը, քանի որ դա կարող է վատ հետևանքների հանգեցնել»,- ընդգծել է նա:
Նշենք, որ 2010 թվականի ամռանը Դոնեցկի «Շախտյորը» Դոնեցկի «Մետալուրգից» 7.8 միլիոն դոլարի դիմաց ձեռք բերեց Մխիթարյանին:
Չենք կարող ասել, Օլեգ Մկրտչյանը միտումնավոր է դա արել, թե փորձել դիվանագիտորեն շրջանցել, բայց վստահաբար, նա գիտի, որ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքների վերաբերյալ երեկ բլոգերների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Ավելին, հենց վերջինս էր կոնկրետ նշել, որ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքների 25 տոկոսը պատկանում է «Փյունիկին»: Հետեւաբար, ինչ կասեն ռուսական կամ ճապոնական լրատվամիջոցները, այդքան էական չեն: Թերեւս, առանց անունը տալու, Օլեգ Մկրտչյանը պատասխանել է հենց Ռուբեն Հայրապետյանին:
Մեզ մնում է սպասել, թե ինչպես կզարգանան հետագա իրադարձությունները, իսկ դրանք անպայման կլինեն, եւ հուսալ, որ գոնե Հենրիխ Մխիթարյանը այս պատմությունից տուժած դուրս չի գա:
‘