Օլիմպիադա․ Հայաստանի թիմը հաղթեց հնդիկներին եւ առաջատարն է

118

Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը օգոստոսի 3-ին մրցեց Հնդկաստանի երկրորդ թիմի հետ եւ առավելության հասավ 2,5:1,5 հաշվով։

Առաջին համար Գաբրիել Սարգսյանը սեւ ֆիգուրներով պարտվեց Դոմարաջու Գուկեշին, երկրորդ համար Հրանտ Մելքումյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց Սարին Նիհալի հետ։

Երրորդ համար Սամվել Տեր-Սահակյանը սեւերով պարտության մատնեց Բասկարան Ադհիբանին։ Չորրորդ համար Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով առավելության հասավ Ռաունակ Սադհվանիի նկատմամբ։

Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել էր Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5) եւ 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 11 միավորով երկրորդ տեղում է ԱՄՆ-ի թիմը, որը 6-րդ տուրում 2,5:1,5 հաշվով հաղթեց իրանցիներին։ Երկրորդ համար Լեւոն Արոնյանը խաղաց ոչ ոքի։ Կեսական միավոր վաստակեցին նաեւ երրորդ եւ չորրորդ համարներ Ուեսլի Սոն ու Լենիեր Դոմինգեսը։ ԱՄՆ-ի թիմին հաղթանակ բերեց առաջին համար Ֆաբիանո Կարուանան։

Օգոստոսի 4-ին Օլիմպիադայում հանգստյան օր է։

Նախորդ հոդվածըՍուրեն Սուրենյանց. 32 տարի առաջ` այս օրը
Հաջորդ հոդվածըՕլիմպիադա․ 7-րդ տուրում ՝ Հայաստան — ԱՄՆ