‘
Պնախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 11-ին մեկնել է ՀՀ ՊՆ N զորամաս, որտեղ, ս.թ. սեպտեմբերի 8-ին, ժամը 01:15-ի սահմաններում, ավտոհավաքակայանի շինության ետնամասում, ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումով հայտնաբերվել էր պահակախմբում որպես ժամապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանը:
Ինչպես տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը, զորամասում Օհանյանը անցկացրել է խորհրդակցություն, որին ներկա են եղել ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ մի շարք վարչությունների պետեր, զորամիավորման, զորամասի հրամկազմի, ՊՆ ռազմական ոստիկանության և քննչական ծառայության ներկայացուցիչներ, բարձրաստիճան այլ զինվորականններ ու քաղաքացիական հատուկ ծառայողներ:
Խորհրդակցության ընթացքում Օհանյանին են ներկայացվել նախաքննության և ծառայողական քննության բոլոր մանրամասները: Լսելով գործի քննությանն առնչվող զեկույցներն ու դիտարկումները, Օհանյանն ասել է, թե խիստ անթույլատրելի և անհանդուրժելի է, երբ մարտական հենակետերում զինծառայողները քաջագործություններ են կատարում` կյանքի գնով պաշտպանելով հայրենի սահմանները, մինչդեռ այդ նույն ժամանակ զորամասերում որոշ սպաների անգործության մատնվելու պատճառով տեղի են ունենում միջանձնային կանոնադրական հարբերությունների կոպիտ խախտումներ, որոնք բերում են մահվան:
Օհանյանն ասել է, որ անկախ նրանից, թե ինչն է դրդել զինվորին ինքասպանության, զորամասի ղեկավարության պատասխանատվության չափը դրանից ոչ մի կերպ չի նվազելու և ծառայողական քննության ավարտից հետո օրենքի ամբողջ խստությամբ պատժվելու են բանակային զորամիավորման հրամկազմից սկսած մինչև դիվիզիոն-մարտկոց օղակի բոլոր հրամանատարները: Այն զինծառայողները, ովքեր կանցեն քրեական գործով, կենթարկվեն քրեական պատասխանատվության, իսկ նրանք, ովքեր մեղավոր են ծառայողական պարտականությունների կատարման թերացման մեջ, կենթարկվեն խիստ կարգապահական տույժերի կամ կազատվեն զբաղեցրած պաշտոններից:
‘