‘
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ժամկետային զինծառայող Մհեր Հակոբյանի մահը Բաքվի ապակառուցողական քաղաքականության հետևանք է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը աչք է փակում ադրբեջանական կողմի նման ագրեսիաների վրա, և միայն ԼՂՀ Պաշտպանության բանակը և Հայաստանի Զինված ուժերն են ինքնուրույն քայլեր ձեռնարկում`ադրբեջանական դիվերսիաները կանխելու նպատակով: «Հուսով եմ, որ այս միջադեպն անպատիժ չի մնա»,- ընդգծել է նախարարը: Օհանյանը նաև նշել է, որ յուրաքանչյուր կարևոր հանդիպումից կամ կարևոր միջազգային իրադարձությունից առաջ ադրբեջանական կողմն ուժեղացնում է շփման գծում լարվածության աստիճանը:
Նշենք, որ այսօր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1990թ. ծնված Մհեր Հովհաննեսի Հակոբյանը:
‘