‘
Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում քննարկվեց Մարդու իրավունքների պաշտպանի 2014-ի զեկույցը: Օմբուդսմենի տեղակալ Տաթեւիկ Խաչատրյանը ներկայացրեց զեկույցում արդարադատության ոլորտում առկա խնդիրները: Հայտնում է «Առավոտը»:
Ըստ օմբուդսմենի զեկույցի, պետք է փոփոխություններ կատարել եւ տեղեկատվության աղբյուրը բացահայտելու նպատակով որպես վկա հարցաքննության չկանչել լրագրողներին: 2014-ին «Հրապարակ» օրաթերթին եւ iLur.am կայքին դատարանը պարտադրեց բացահայտել տեղեկատվության աղբյուրը: Տաթեւիկ Խաչատրյանն ասաց, որ լրագրողները չպետք է կաշկանդված լինեն: Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը չհամաձայնեց՝ ասելով. «Դուք առաջարկում եք լրագրողին մտցնել այն սուբյեկտների շարքում, որոնք չեն կարող ընդհանրապես հարցաքննվել: Համաձայն չենք սկզբունքային առումով: Սա նշանակում է, որ եթե անգամ լրագրողն ինքը գա ասի՝ ինձ հարցաքննեք, նրա ցուցմունքը չի կարող որպես ապացույց օգտագործվել եւ հաշվի առնվել»:
Արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետ Միքայել Մինասյանը կարծում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը միակողմանի է, որում իրականացվել է ընտրողական վերլուծություն: «Մեր օրենքն ասում է, որ ԶԼՄ-ն պարտավոր չէ հրապարակել իր տեղեկատվության աղբյուրը: Եվ ոչ ոք չի կարող պարտադրել լրագրողին բացահայտել տեղեկատվության աղբյուրը, եթե այն անհրաժեշտ չէ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով, եթե հասարակական շահն իմանալու ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը: Կա դռնփակ դատական նիստի հնարավորություն նաեւ: Կարող ես հարցաքննվել եւ բացահայտել, բայց եթե չես ցանկանում, դա պետք է կատարվի դատարանի որոշմամբ: Նրանց կարող է պարտադրվել որոշ դեպքերում: Որոշ երկրներում կա տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու բացարձակ իրավունք, մենք այդ ճանապարհով չենք գնում: Հաշվի առնելով վտանգը, որ լրագրողները կարող են չարաշահել իրենց իրավունքը, մենք սահմանափակում ենք դնում», — ասաց նա:
‘