‘
Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի 2013 թ. տարեկան զեկույցի քննարկման ժամանակ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը իր ելույթում նշեց, որ ՄԻՊ գրասենյակը համագործակցում է 120 հասարակական կազմակերպությունների, մի շարք միջազգային ինստիտուտների, լրատվամիջոցների եւ այլ կառույցների հետ: Պաշտպանի խոսքով՝ համագործակցության նպատակը ՀՀ Սահմանադրությունում ամրագրված խնդիրների լուծումներն են: «Մեր աշխատանքը նպատակաուղղված է քաղաքացու կյանքը բարելավելուն, եւ մենք շատ հարցերում արդեն իսկ գրանցել ենք առաջընթաց, սակայն այդ առաջընթացը ոչ բոլորին է բավարարում: Ես Ազգային ժողովի պատգամավորներից խնդրում եմ պաշտպանություն, բայց ոչ թե ինձ, այլ օմբուդսմենի ինստիտուտին: Մենք ուզում ենք ավելի լավացնել մեր աշխատանքը, այլ ոչ թե զբաղվել մեղադրանքներով եւ քննադատությամբ: Կան բազմաթիվ ոչ քաղաքական խնդիրներ, որոնք չեն բարձրացվում Ազգային ժողովում, իսկ բարձրաձայնվելու դեպքում, ես համոզված եմ, որ դրանք կստանան իրենց լուծումները: Մարդու իրավունքների պաշտպանը մեկն է, իսկ խնդիրները՝ տասնյակ»,- նշեց Կարեն Անդրեասյանը:
Պաշտպանը անդրադարձավ նաեւ այն հարցին, որ առկա են որոշակի դժգոհություններ, թե ինչո՞ւ ավելին չի արվում, կամ ինչո՞ւ ոչ բոլոր խնդիրներն են նշվել զեկույցում: Նա նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը գործում է օրենքով, որը իրենց թույլ չի տալիս, օրինակ, գնահատականներ տալ չավարտված դատական գործերի վերաբերյալ:
‘