‘
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել Կոմիտասի 5 հասցում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ: Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.
«Կոմիտաս փողոցում շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մենք ստացել ենք բազմաթիվ ահազանգեր և հետևել իրավիճակին մեր արագ արձագանքման խմբերի ու լրատվամիջոցների շնորհիվ: Այս միջադեպը նոր ցավ և դարձյալ հիասթափություն էր մեզ համար: Հատկապես հիասթափեցնող էր առանձին ոստիկանների ոչ պրոֆեսիոնալ, էմոցիոնալ ու անկանոն պահվածքը: Միջադեպի կապակցությամբ մենք վարույթ ենք հարուցել: Արդեն պատրաստ է և այսօր կուղարկվի մեր պաշտոնական հարցումը Ոստիկանությանը: Ի թիվս այլ հարցերի մենք հատկապես ցանկանում ենք պարզել Արգիշտի Կիվիրյանի և այլ քաղաքացիների նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնության համաչափությունը:
Ինչ վերաբերում է առանձին քաղաքացիների կողմից ոստիկաններին վիրավորելու և դիմադրություն ցույց տալու արարքներին, վերջնական գնահատական տալու իրավասությունը տրված է բացառապես դատարանին: Ցավոք, ներկայիս դատական համակարգի վերնախավի պարագայում նմանատիպ գործերով քչերն են ակնկալում արդար դատաքննություններ: Հաճախ դատարանների նկատմամբ արդարացի անվստահությունն է մեր քաղաքացիներին ստիպում դիմել ինքնիրավչության և ապօրինությունների, ինչը մարդկայնորեն հասկանալի է, բայց իրավական տեսանկյունից անթույլատրելի ու դատապարտելի է:
Մեր մտահոգությունն ենք հայտնում նաև Երևանի քաղաքապետարանի առջև բողոքի ակցիաների մասնակից Միհրան Մարգարյանի և Բաբկեն Տեր-Գրիգորյանի ծեծի կապակցությամբ և հույս հայտնում, որ իրավապահ մարմինները կիրականացնեն ոչ խտրական և բազմակողմանի քննություն, որի արդյունքում կբացահայտվեն բոլոր իրական մեղավորներն ու կենթարկվեն պատասխանատվության:
Հավելենք նաև, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ստացված մեր բազմաբնույթ բողոքներից հասարակական լայն հնչեղություն են ձեռք բերել միայն այն դիմումները, որոնք վերաբերում են Երևանի քաղաքապետարանի և Ոստիկանության գործունեությանը: Մեր դիմումատուները ակնկալում են մեր գնահատականները հետևյալ հարցերի վերաբերյալ.
1. Որքանո՞վ էր իրավչափ քաղաքային տրանսպորտի սակագնի թանկացումը:
2. Արդյո՞ք ոտնահարվել են Երևանի քաղաքապետարանի դիմաց նստացույց անող մարդկանց իրավունքները:
3. Իրավակա՞ն է եղել արդյոք մայրաքաղաքում մեքենաների կայանման նոր համակարգի ներդրման որոշումն ու գործընթացը:
4. «Կոմայգու» տարածքում տևական ժամանակ առկա պոռնկությունից և այլասերված դրսևորումներից մարդկանց իրավունքներն ու բարոյականությունը պաշտպանելու բավարար միջոցներ ձեռնարկվե՞լ են, թե՞ ոչ:
5. Օրինակա՞ն է արդյոք Կոմիտաս 5 հասցեում նախատեսվող շինարարությունը:
6. Իրավաչա՞փ էին արդյոք Ոստիկանության գործողությունները օգոստոսի 24-ին Կոմիտաս փողոցում տեղի ունեցող բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ:
Վերոհիշյալ յուրաքանչյուր խնդրի վերաբերյալ առաջիկայում առանձին հայտարարություններով հանրությանը կներկայացվեն մեր գնահատականները, հիմնավորումներն ու առաջարկությունները: Հայաստանյան օրենսդրության հստակ արգելքները և Օմբուդսմենների գործունեության միջազգային փորձը ստիպում է որոշակիորեն դանդաղել մեր իրավական և հրապարակային գնահատականներում: Ըստ մեր օրենքի` պետք է սպառել համապատասխան պետական մարմնի հետ դիրքորոշումների և հիմնավորումների ճշտման գործընթացը: Բացի այդ, անհրաժեշտ է բազմակողմանի և հավասարակշռված ուսումնասիրել նշված խնդիրներից յուրաքանչյուրը, որպեսզի Օմբուդսմենի գնահատականները զերծ լինեն օրվա զգայականությունից, միակողմանիությունից և մասնագիտական ցանկացած թերացումից: Վերջապես, մինչ գնահատականներ հրապարակելը անհրաժեշտ է գործել կառուցողական դաշտում և համապատասխան պետական մարմինների հետ գտնել մարդկանց իրավունքների պաշտպանության արդյունավետ լուծումներ, և միայն վերջիններիս անտեղի համառության պարագայում հրապարակել մեր գնահատականներն ու լուծումները»:
‘