‘Օմբուդսմեն. խաղային ավտոմատներում ծխախոտը մատչելի է անչափահասներին’

962

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ՄԻՊ-ը մտահոգություն է հայտնում այն կապակցությամբ, որ Երևանի խաղային ավտոմատներում ծխախոտի խաղարկության արդյունքում ծխախոտը մատչելի է դառնում անչափահասների համար:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Վերջերս մայրաքաղաքի տարբեր հասարակական վայրերում խաղային ավտոմատների միջոցով տարատեսակ իրերի, այդ թվում՝ ծխախոտի խաղարկության կազմակերպմանը շատ դեպքերում մասնակցում են նաև երեխաները, և արդյունքում ծխախոտը մատչելի է դառնում անչափահասների համար: Նման դեպքերն անընդունելի են, քանի որ սպառնում են հասարակության կայունությունը և զարգացումը ապահովող խմբի՝ երեխաների առողջությանը:

Պատահական չէ, որ միջազգային մի շարք կարևորագույն փաստաթղթերով ամրագրված է երեխայի՝ բարձրագույն մակարդակի առողջություն ունենալու իրավունքը և միաժամանակ պետության պարտավորությունը` ձեռնարկել և իրականացնել արդյունավետ միջոցներ ծխախոտային արտադրատեսակների վաճառքը անչափահաս անձանց արգելելու և վաճառքի դեպքերը վերացնելու համար:

Արձագանքելով խնդրին՝ Օմբուդսմենի աշխատակազմն իրականացրել է համապատասխան ուսումնասիրություններ և պարզել, որ խաղային ավտոմատների միջոցով ծխախոտի խաղարկությունը համարվում է շահումով խաղ, որը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է, և ըստ ՀՀ գործող օրենսդրության` առանց լիցենզիայի գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների հայտնաբերման, ինչպես նաև դրանց նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառման իրավասությունը վերապահված է Հարկային մարմիններին: 

Այս առիթով Օմբուդսմենը դիմել էր ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահին` առաջարկելով առավել հետևողական գտնվել անօրինական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հայտնաբերման հարցում և հայտնաբերելիս կազմակերպչի նկատմամբ կիրառել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության խիստ միջոցները` բացառելու համար երեխաների կողմից ծխախոտային արտադրանքներ օգտագործելու դեպքերը և իրական ռիսկը: 

ՊԵԿ նախագահը պաշտոնական գրությամբ Օմբուդսմենին հայտնել է, որ տարածքային տեսչություններին հանձնարարվել էր ՀՀ ողջ տարածքում իրականացնել հսկողական աշխատանքներ բացօթյա վայրերում խաղային ավտոմատների միջոցով ծխախոտի խաղարկություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հայտնաբերման և նրանց նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված համապատասխան միջոցների կիրառման ուղղությամբ: 

Արդյունքում՝ ծխախոտի խաղարկության հայտնաբերված դեպքերը արձանագրվել են, և կիրառվել են օրենքով սահմանված համապատասխան պատժամիջոցներ:
Հույս ենք հայտնում, որ հետագայում ևս պատասխանատու պետական մարմինները հետևողական կլինեն ծխախոտային արտադրատեսակների վաճառքը անչափահաս անձանց արգելելու և վաճառքի դեպքերը բացառելու հարցում»:

Նախորդ հոդվածը‘Աշոտ Ադամյան. «Մեր կողքինը մեզ շատ մոտ է՝ ուշադրություն չենք դարձնում»’
Հաջորդ հոդվածը‘Հակառակորդի կողմից արձակված գնդակից զինծառայող է վիրավորվել. ԼՂՀ ՊՆ ‘