«Օմիկրոնը» տարածվում է Հարավային Աֆրիկայում

169

Այսօրվա դրությամբ՝ «Օմիկրոնը» կորոնավիրուսի գերիշխող տարբերակն է դարձել Հարավային Աֆրիկայում։ Վերջին օրվա ընթացքում երկրում գրանցվել է վարակման ավելի քան 8 500 նոր դեպք։

Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ աճ է արձանագրվել երկրի ինը շրջաններից յոթում։ Վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտը հայտարարել է, որ այն մարդկանց մեծ մասը, ում հոսպիտալացնելու անհրաժեշտություն է եղել, պատվաստված չեն եղել։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պնդում է, որ կորոնավիրուսի նոր տարբերակն արդեն հայտնաբերվել է աշխարհի առնվազն 24 երկրներում։

Աֆրիկյան միությունը և ՄԱԿ-ը համատեղ քննարկել են Աֆրիկայի հարավային պետություններից ուղևորությունների արգելքը, ինչը շատ երկրներ են սահմանել «Օմիկրոնի» հայտնաբերումից հետո։ Հարավաֆրիկացի ականավոր համաճարակաբան, պրոֆեսոր Սալիմ Աբդուլ Քարիմը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ այդ արգելքներն արդարացնել հնարավոր չէ։ Ընդ որում՝ նա խոստովանել է, որ կորոնավիրուսի նոր տարբերակը շատ արագ է տարածվում, թեպետ բժիշկներն առայժմ չեն կարող ասել՝ ինչով է դա բացատրվում՝ լավ վերահսկողությամբ և նոր դեպքերն արձանագրելո՞վ, թե՞ «Օմիկրոնի» առանձնահատկություններով։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿորոնավիրուս․ Արդյո՞ք անհրաժեշտ է ամեն տարի պատվաստվել
Հաջորդ հոդվածըԵվրոպայում քննարկում են պարտադիր պատվաստման հարցը