«Օմիկրոն»․ Բայդենը խնդրում է խուճապի չմատնվել

121

Pfizer ընկերությունն սկսել է «Օմիկրոն» շտամմին համապատասխանեցված պատվաստանյութի մշակման աշխատանքները և խոստանում է, որ այն պատրաստ կլինի արդեն եկող տարվա սկզբին։ Ընկերության մասնագետները հայտարարել են, որ գործընթացը կպահանջի մոտավորապես 100 օր։

Գամալեայի անվան ռուսաստանյան կենտրոնը նույնպես սկսել է ռուսաստանյան «Спутник V» պատվաստանյութի մոդիֆիկացիայի մշակումը կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամմի համար և խոստանում է այն թողարկել արդեն 45 օր հետո։

Ընդ որում՝ մինչև հիմա ոչ մի հաստատված տվյալ չկա այն մասին, որ գոյություն ունեցող պատվաստանյութերը «Օմիկրոնի» դեմ ավելի վատ կաշխատեն, քան աշխատում են «Դելտայի» դեմ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երկուշաբթի հանդես է եկել նախազգուշացմամբ, որ կորոնավիրուսի նոր «Օմիկրոն» տարբերակը գլոբալ տարածման բարձր ռիսկ է պարունակում՝ ամենածանր հետևանքներով։ ԱՀԿ-ն կոչ է արել այդ կազմակերպության մեջ մտնող բոլոր 194 երկրներին՝ արագացնել  ամենախոցելի խմբերի պատվաստման ծրագիրը և պատրաստ լինել հիվանդների նոր հոսքերի հիվանդանոցներում։

Ինչպես  համավարակի սկզբում էր՝ հիմա նույնպես յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում՝ ինչ անել։ Օրինակ, Իսրայելը փակում է սահմանները, Մեծ Բրիտանիան պարտադիր է դարձնում դիմակ կրելը մետրոյում և խանութներում, ուրիշները լոքդաուն են հայտարարում, ԱՄՆ-ը դեռ մտածում է՝ ինչ անել։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շտապել է հանգստացնել ամերիկացիներին՝ հայտարարելով, որ նոր շտամմը խուճապի առիթ չպետք է դառնա, և ԱՄՆ-ը կոշտ լոքդաունի չի վերադառնա, չնայած ԱՀԿ-ի նախազգուշացումներին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՌոնալդուն France Football-ի գլխավոր խմբագրին մեղադրել է ստելու մեջ
Հաջորդ հոդվածըMarca. Հայտնի է Լա Լիգայի՝ նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը