‘Օմսկի գրադարանը երեխաներին արգելել է Դրայզեր կարդալ’

692

Օմսկի Պուշկինի անվան հասարակական գրադարանը հրաժարվել է անչափահասներին հանձնել ամերիկյան գրող Թեոդոր Դրայզերի ստեղծագործությունները՝ «տարիքային սահմանափակման» պատճառաբանությամբ: Գրադարանի ղեկավարությունն ընդգծել է, որ գրադարանավարները գործել են հրահանգի համաձայն, և վկայակոչել է դաշնային օրենքն ու Ռուսաստանյան գրադարանների ընկերության հանձնարարականները, ինչպես նաև տեղական հրահանգները: Նույն պատճառաբանությամբ նրանք չեն ուզեցել տալ նաև Բորիս Վասիլևի «Վաղը պատերազմ էր» գիրքը:

Գրքերին տարիքային կատեգորիաներ է հատկացնում  գրադարանի հատուկ հանձնաժողովը: Թե ինչ չափանիշներ են գործում գրքերը դասակարգելիս, և բացի Դրայզերից ու Վասիլևից՝ ուրիշ ինչ հեղինակներ են դուրս մնում անչափահասների կատեգորիայից՝ գրադարանում չեն պարզաբանել: Մինչդեռ սա առաջին դեպքը չէ վերջին ժամանակներս, երբ սահմանափակվում է դասական գրականության ընթերցանությունը: Այսպես, 2013 թ. շրջանային դատախազությունը պահանջել էր Ստավրոպոլի մարզի դպրոցական գրադարաններից հանել Սերգեյ Եսենինի և Վլադիմիր Նաբոկովի երկերը՝ «որպես ուսումնական գործընթացի պահանջներին չհամապատասխանող» և էրոտիկա ու միստիկա պարունակող:

Երեխաների առողջությունը և զարգացումը վտանգող տեղեկատվությունից պաշտպանելու վերաբերյալ օրենքը Ռուսաստանում գործում է 2012 թ. սեպտեմբերից: Օրենքը նախատեսում է պարտադիր տարիքային տարբերակում սահմանել այն նյութերի նկատմամբ, որոնք հավանական սպառնալիք են պարունակում անչափահասների համար, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘5 ոչ սովորական հյուրանոցներ Եվրոպայում’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին’