‘
Հայաստանի իրավապահները, կարելի է ասել, աննախադեպ որոշում են կայացրել: Որոշվել է փոխել արդեն 9 ամիս հետախուզման մեջ գտնվող՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու խափանման միջոցը, քանի որ նա ցանկություն է հայտնել ներկայանալ ոստիկանություն: Այս մասին news.am-ին ասել է Օսիպյանի եղբորորդու փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:
«Օսիպյանի խափանման միջոցը փոխվել է, ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին, որովհետև նա ցանկություն է հայտնել ներկայանալ ոստիկանություն և իր ցուցմունքներով օգնել՝ պարզելու իրականությունը»,- հայտնել է փաստաբանը:
Մեկնաբանությունները, ինչպես ասում են, ավելորդ են:
Նշենք, որ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը կասկածվում է 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին դանակահարելու մեջ: Դեպքը տեղի էր ունեցել 2014թ. հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում: Սեդրակ Օսիպյանին հունիսի 3-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
‘