‘Օսկանյանը եւ թուրք-ադրբեջանական պատմագրությունը’

11958

Հարց է առաջանում՝ ի՞նչ կապ կա այս երկու «հասկացությունների» միջեւ։ Ուշադիր զննելուց պարզվում է, որ սրանք բացարձակապես նույնական են, քանի որ երկուսն էլ արձանագրում են միայն իրենց ձեռնտու պատմական փաստերը, իսկ անցանկալիներն աղավաղում կամ լռության մատնում։

«Սիվիլնեթ» կայքում հրապարկված երեկվա իր հոդվածում Օսկանյանը մեկ առ մեկ թվարկում է Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք ձեռք բերված «նվաճումները».

1. Արտաքին քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի ներառումը եւ 15 (իրականում 13) երկրների կողմից այդ փաստի ընդունումը։

2. Շրջափակումների պայմաններում երկնիշ տնտեսական աճի տեւական ապահովումը։

3. Արտագաղթի դադարումն ու ներգաղթի սկզբնավորումը (?)։

4. Պատմության մեջ առաջին անգամ բանակցային փաստաթղթում Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամրագրումը (իրականում այդ իրավունքն առաջին անգամ ամրագրվել է ԵԱՀԿ 1996 թվականի գագաթնաժողովի՝ Հայաստանի կողմից վետոյի արժանացած բանաձեւում)։

5. Ադրբեջանի հետ, թեկուզ փխրուն, խաղաղության եւ ռազմական հավասարակշռության պահպանումը։

6. Հայաստանի քաղաքական կայունության ապահովումը (?)։

Իսկ այժմ նշենք պատմական այն փաստերը, որոնք Օսկանյանը լռության է մատնում.

1. 1998, 2003, 2008 թվականների նախագահական, 2003, 2007 թվականների խորհրդարանական ընտրությունների եւ 2005թ. սահմանադրական հանրաքվեի արդյունքների լայնածավալ կեղծումը։

2. 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն ու դրա հետեւողական պարտակումը քոչարյանական վարչախմբի կողմից։

3. 2001 թվականից ի վեր արտագաղթի վերսկսումն ու նրա տեմպի անշեղ աճը։

4. Հայաստանում ավազակապետական ռեժիմի հաստատումը եւ ժողովրդի ու մանավանդ բանակի հաշվին երկրի համատարած թալանը, համակարգային կոռուպցիայի եւ պետական ռեկետի արմատավորումը։

5. Պետական բազմաթիվ պաշտոնյաների, հայտնի գործարարների սպանությունները (Հենրիկ Խաչատրյան, Վահրամ Խորխոռունի, Արծրուն Մարգարյան, Գագիկ Պողոսյան, Շահեն Հովասափյան, Աշոտ Մխիթարյան, Տիգրան Պետրոսյան, Ռոլանդ Մկրտչյան, Ալբերտ Ղազարյան, Պողոս Պողոսյան, Վանուշ Թորոսյան, Ռաֆայել Շահմուրադյան, Լեւոն Գուլյան)։

6. Լրագրողների եւ քաղաքական գործիչների դեմ կատարված շինծու քրեական հետապնդումները, մահափորձերն ու բռնությունները (Աշոտ Մանուչարյան, Աշոտ Բլեյան, Մուշեղ Սաղաթելյան, Աշոտ Սաֆարյան, Վաչագան Հարոյան, Աշոտ Մանուկյան, Միքայել Դանիելյան, Վաղարշակ Հարությունյան, Արայիկ Քոթանջյան, Սուրեն Աբրահամյան, Ժիրայր ՍեՖիլյան, Վարդան Մալխասյան, Վարդան Ղուկասյան, Շահեն Պետրոսյան, Ալեքսանդր Արզումանյան, Նիկոլ Փաշինյան, Մարկ Գրիգորյան, Մհեր Ղալեչյան, Գայանե Մուքոյան եւ այլն)։

7. Ռոբերտ Քոչարյանի եւ նրա մերձավորների կարողության ոչ թե երկնիշ, այլ բազմա-բազմանիշ աճը։

8. 2004թ. ապրիլի 12-ի խաղաղ ցուցարարների բարբարոսական ջարդն ու 600 քաղաքացիների ձերբակալությունը։

9. 2008թ. մարտի 1-ի աննախադեպ սպանդը եւ 100-ից ավելի քաղբանտարկյալների զնդանումը, ինչպես նաեւ այդ առթիվ իր (Օսկանյանի) խայտառակ սուտապատում ելույթը։

10. Եւ վերջապես, պաշտոնաթողությունից հետո Օսկանյանի կողմից «Սիվիլիթաս» հիմնադրամին ամերիկյան միլիարդատեր Հանթսմանի նվիրաբերած 1 միլիոն 300 հազար դոլարի յուրացման հետ կապված պատմությունը։

Սրան են ասել՝ թուրք եւ ադրբեջանցի պատմաբանների բարոյականությամբ օժտված ա՛յ ողորմելի, դո՞ւ ես, որ ազնվության ու ճշմարտախոսության քարոզ պիտի կարդաս հայ ժողովրդի գլխին։ Նման փառավոր «բագաժ» ունենալով, քեզ գուցե միայն լռելը կօգնի, հուսալով, որ ժամանակի ընթացքում արածներդ (կամ կերած …դ) մոռացության կմատնվեն, ա՛յ … (թող յուրաքանչյուր ընթերցող իր ճաշակով լրացնի բազմակետով ծածկագրված բառը)։

Իսկ ինչ վերաբերում է Արցախի ճակատագրի համար այս գերլարված պահին Քոչարյանի հետ համատեղ արած կոչիդ՝ պայքարելու Սերժ Սարգսյանի դեմ, ապա այն պարզապես հավասարազոր է պետական եւ ազգային դավաճանության։

 

Գագիկ Խաչատրյան

Նախորդ հոդվածը‘Օբամա. Լիբիան իմ ամենալուրջ սխալն էր’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը պաշտպանության տակ է առել Էրդողանի մասին ոտանավորի հեղինակին’