‘Օսվենցիմի ազատագրման 70-ամյակի միջոցառումները’

924

Լեհաստանում նախկին նացիստական «Աուշվից-Բիրկենաու» համակենտրոնացման ճամբարի թանգարանի «Մահվան պատի» մոտ ծաղկեպսակ դնելու արարողությամբ են սկսվել Օսվենցիմի ազատագրման 70-ամյակին նվիրված միջոցառումները:

Հիշատակի օրվա հանդիսություններին մասնակցելու համար ամբողջ աշխարհից Օսվենցիմ են ժամանել համակենտրոնացման ճամբարի 300 նախկին կալանավորներ: Նրանցից 100-ը Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ ներս են մտել համակենտրոնացման ճամբարի գլխավոր դարպասով, որի ճակատին հանրահայտ «Arbeit Macht Frei» («Աշխատանքն ազատագրում է») գրությունն է,  մոտեցել են նակին N11 բարաքին և ծաղկեպսակ դրել ու մոմեր վառել բարաքի հարևանությամբ գտնվող «Մահվան պատի» մոտ:

1941 թ. աշնանից երկու տարվա ընթացքում ֆաշիստներն այդ պատի մոտ մահապատժի են ենթարկել մի քանի հազար մարդու: 1944 թ. ճամբարի ղեկավարության կարգադրությամբ պատը քանդվել էր: Սակայն պատերազմից հետո այն վերականգնվեց նույն տեղում՝ ի հիշատակ զոհերի:

Օսվենցիմն ամենամեծ համակենտրոնացման ճամբարն էր՝ 500 հա տարածքով: Այն ստեղծվել էր 1940 թ. Կրակովից 70 կմ հեռավորությամբ: Օսվենցիմի հարևանությամբ կար ևս 45 համակենտրոնացման ճամբար: Այդ ամբողջ համալիրն անվանում են «Աուշվից-Բիրկենաու»: Օսվենցիմում ֆաշիստները ոչնչացրել են առնվազն 1,4 մլն մարդ, այդ թվում՝ 1,1 մլն հրեա: 1945 թ. հունվարի 27-ին ողջ մնացած մոտավորապես յոթ հազար կալանավորներին ազատագրել են 1-ին ուկրաինական ճակատի մարտիկները: Փոխանցում է newsru.com-ը:

 

Նախորդ հոդվածը‘Գործողություններ՝ ընդդեմ Գյուլենի շարժման կողմնակիցների’
Հաջորդ հոդվածը