Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում հակահրեական գրաֆիտիներ են հայտնաբերվել

137

Լեհաստանում, նախկին նացիստական համակենտրոնացման ճամբար Օսվենցիմի հուշահամալիրի փայտե բարաքներում հայտնաբերվել են գերմաներեն և անգլերեն հակահրեական կարգախոսներ։

Հուշահամալիրի աշխատակիցները կոչ են արել բոլորին` կասկածելի մարդկանց նկատելու դեպքում դիմել վարչություն։

Հուշահամալիրի վարչության հայտարարության մեջ վանդալիզմն անվանվում է «վրդովեցնող գրոհ՝ մարդկության պատմության ընթացքում ամենամեծ ողբերգություններից մեկի խորհրդանիշի հանդեպ և չափազանց ցավոտ հարված «Աուշվից-Բիրկենաու» նացիստական ճամբարի բոլոր զոհերի հիշատակին»։

Օսվենցիմը նացիստական ամենախոշոր համակենտրոնացման ճամբարներից է, որտեղ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին սպանվել է մոտավորապես մեկ միլիոն եվրոպացի հրեա։ Դրա տարածքում էր գտնվում գազախցիկների ամենախոշոր համալիրը։

Ընդամենը 4,5 տարվա ընթացքում Օսվենցիմում զոհվել է առնվազն 1,1 մլն մարդ, այդ թվում նաև լեհեր, խորհրդային ռազմագերիներ, գնչուներ, համասեռականներ և տարբեր ազգության Եհովայի վկաներ։

Վանդալիզմը նախկին համակենտրոնացման ճամբարում հազվադեպ է պատահում, բայց 2010 թ․ Շվեդիայում երկու տարի ութ ամիս ազատազրկման դատապարտվեց մի տղամարդ, որը գողացել էր ճամբարի դարպասի վրայի հանրահայտ «Arbeit macht frei» («Աշխատանքն ազատագրում է»)  գրառումը, որն ավելի ուշ գտել էին երեք մասի սղոցված։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄոլդովայում կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել է գլխավոր դատախազը
Հաջորդ հոդվածըՎրաստանում հայտնել են, որ Սաակաշվիլիի հոգեկան վիճակը խիստ փոխվել է