‘
«Արդեն երկրորդ անգամ է, ինչ դատական կարգադրիչները զննության են ենթարկում իմ պայուսակը»,- այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Yerkir.am-ի փոխանցմամբ, նման միջնորդություն հայտնեց նոյեմբերի 5-ի գործով որպես մեղադրյալ անցնող Ալբերտ Մարգարյանի, Վահե Մկրտչյանի, Միսակ Առաքելյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը:
Նա նշեց, որ այսօր դատական կարգադրիչների ղեկավարը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել իր հասցեին:
Քոչարյանը դատարանից հետաքրքրվեց` արդյո՞ք նույն կերպ զննության են ենթարկում նաև մեղադրող դատախազին: Պաշտպանը միջնորդեց պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, ովքեր նման արտոնություններ են թույլ տալիս իրենց: Դատավորը նշեց, որ այդ հարցը նիստի ժամանակ չի կարող քննության առարկա դառնալ:
Նշենք, որ Քոչարյանը ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետն է:
‘