‘
Համացանցում կայծակնային արագությամբ տարածվում է մի տեսանյութ, որտեղ համեմատություն է արվում Սերժ Սարգսյանի և Սաակաշվիլիի միջև: Քառասուն վայրկյան տևողությամբ այդ տեսանյութում ցուցադրվում են երկու երկրների ղեկավարների հանդիպումները Հռոմի Պապի և սեփական երկրների հոգևոր առաջնորդների հետ: Սաակաշվիլին Հռոմի Պապին ողջունում է ձեռքով, իսկ վրաց հոգևորականի առջև խոնարհվում է, այնուհետև ողջագուրվում նրա հետ: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա այս դեպքում Հռոմի Պապն արժանանում է մեծագույն պատվի` խոնարհումների և համբույրների, իսկ ահա Հայաստանի հոգևոր առաջնորդ Գարեգին Բ-ն՝ ուղղակի ձեռքսեղմման:
Իհարկե, ինչ-որ շրջանակներ Սաակաշվիլիի նման վարքագիծը կարող են որակել որպես անհարգալի վերաբերմունք Պապի հանդեպ, սակայն դժվար թե որևէ մեկը նրան կարող է մեղադրել վրացական եկեղեցու նկատմամբ հարգանք չցուցաբերելու համար: Անկախ նրանից, թե ինչպես է նա վերաբերվում կրոնին, քրիստոնեությանը և վրաց եկեղեցուն, մենք տեսնում ենք մի բան. նա գնահատում է սեփականը, գնահատում է իր երկրի ավանդույթները և ի ցույց է դնում դա` ստիպելով նույնն անել նաև մյուսներին:
Իսկ ի՞նչ է անում Սերժ Սարգսյանը: Զարմանալի՝ ոչինչ: Նա ցույց է տալիս իր անտարբերությունն իր երկրի, իր քաղաքացիների ավանդույթների, Հայաստանի և հայ եկեղեցու նկատմամբ: Անում է այն, ինչ անում է արդեն չորս տարի շարունակ: Մի՞ թե նա այդպես չի սիրում կամ ատում է եկեղեցին: Իհարկե ոչ: Ուղղակի եկեղեցին, պետությունը, ժողովուրդն ընդհանրապես դուրս են նրա հետաքրքրությունների շրջանակից: Իսկ ամբողջ խնդիրն այն տրամաբանությունն է, որով նա առաջնորդվում է երկրի ղեկավարման գործում՝ նյութական շահ ստանալու և իշխանության ղեկին մնալու տրամաբանությունը: Իսկ այսպիսի տրամաբանությամբ առաջնորդվողին բացարձակապես չի կարող հետաքրքրել սեփական երկրի վարկանիշը և ընդհանրապես՝ բարեկեցությունը կամ կայացումը՝ որպես պետություն:
Այստեղ կարևորը ներքին լեգիտիմության բացակայության պայմաններում իշխանության ղեկին մնալու՝ արտաքին երաշխիքների ձեռքբերումն է: Այսինքն` ի՞նչ շահ ունի նա ամբողջովին իր ենթակայության տակ գտնվող կաթողիկոսից, ի՞նչ շահ ունի նա իրեն չընդունող ժողովրդից: Իհարկե՝ ոչ մի: Եվ այս պայմաններում Սերժ Սարգսյանի նման մարդն ամենևին կարևոր չի կարող համարել կաթողիկոսի նկատմամբ հարգանքի դրսևորումը, քանի որ դրանից նա ոչ մի շահ չի ստանալու: Հակառակը` իր բացարձակ իշխանությունը զգալու և չկայացվածության բարդույթը հաղթահարելու նպատակով նա կարհամարհի, կնվաստացնի իր ենթակաների, այդ թվում և կաթողիկոսի աթոռին հայտնված մարդուն:
Իսկ խոնարհումները Հռոմի Պապի առջև ամբողջովին համահունչ են Սերժ Սարգսյանի գործելակերպին: Այստեղ արդեն քծնանքը և արտաքին աշխարհի կողմից իշխանության երաշխիքներ ստանալու մոլուցքը վերածվում են կոնկրետ գործողության: Եվ կարևոր էլ չէ, թե ինչ շահ կարելի է ունենալ Հռոմի Պապից: Կարևորն այն է, որ Սարգսյանն ի դեմս նրա՝ տեսնում է Արևմուտքի մարմնավորումը, տեսնում է ուժ, տեսնում է իշխանության մնալու հնարավորություն և մանկական հրճվանքով ձեռնամուխ լինում իր հավատարմության ցուցադրմանը: Նա պատրաստ է վաճառել ամեն ինչ` եկեղեցին, ժողովրդին, Ղարաբաղը, միայն թե պահպանի իր աթոռը:
Սա բացարձակ անարգանքի դրսևորում է սեփական երկրի ու ժողովրդի նկատմամբ: Եվ եթե մեր պետական այրերն ու ամենակարևորը` երկրի առաջին դեմքը, չեն հարգում եկեղեցին, մեր ազգային արժեքներն ու պետականությունը, ապա ումի՞ց իրավունք ունենք հարգանք պահանջելու: Եվ ինչո՞ւ պիտի մեղադրենք ադբեջանցիներին կամ հունգարացիներին, որ արդարացնում ու հերոսացնում են հայասպանին:
Հ.Գ. Շատերը, համաձայնելով, որ մեր իշխանություններն ապաշնորհ են, համարում են, որ հունգարացիներն ապտակ հասցրին հայ ժողովրդին: Բայց նրանք չարաչար սխալվում են: Ոչ միայն հունգարացիները, այլև ամբողջ աշխարհն իրավունք ունի մեզ չհարգելու, որովհետև հանդուրժելով այսպիսի նախագահի` մենք ինքներս չենք հարգում մեր երկիրը:
Մենք չենք կարող ստիպել հարգել մեզ, քանի դեռ ինքներս չենք սկսել հարգել մեզ:
Արեգ Գևորգյան
‘