‘«Օրանժ» ընկերության ղեկավարն ազատ է արձակվել’

829

Ֆրանսիայի արդարադատության մարմիններն այսօր ազատ են արձակել Ֆրանսիայի խոշորագույն հեռահաղորդակցական ընկերության՝ «Օրանժի» ղեկավար Ստեֆան Ռիշարին, ինչպես նաև՝  ֆրանսիական պետական ընկերություններից մեկի սեփականատիրոջը՝ Ժան-Ֆրանսուա Ռոքիին, որը նախկինում եղել է «Լիոնյան կրեդիտ» բանկի կառավարիչը: Նրանք ձերբակալվել էին երկուշաբթի՝ «Տապիի գործի» շրջանակներում, որի գլխավոր դերակատարներից մեկը  Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կարգադրիչ-տնօրեն Քրիստին Լագարդն է:

«Տապիի գործը» վերաբերում է «Ադիդաս» ընկերության վաճառքի ընթացքում ֆինանսական մեքենայությունների պատճառով  ֆրանսիացի հայտնի գործարար Բեռնար Տապիի և «Լիոնյան կրեդիտ» բանկի միջև ընթացող դատական գործընթացին, որի արդյունքում Տապին 2008 թ. ստացել էր 403 միլիոն եվրո փոխհատուցում: Ընդ որում՝ Լագարդի նախաձեռնությամբ կազմված հանձնաժողովի որոշմամբ՝ այդ գումարը վճարվել էր պետական գանձարանից, քանի որ վիճարկելի գործարքի պահին «Լիոնյան կրեդիտը» մասնակի սնանկացման գործընթացի մեջ էր և գտնվում էր պետական վերահսկողության ներքո: Մայիսին Քրիստին Լագարդը 24 ժամ հարցաքննվել է ֆրանսիական դատարանի կողմից և ստացել վկայի կարգավիճակ: Հանրապետության իրավապահ մարմինները ԱՄՀ-ի ղեկավարին կասկածում են «խաբեությանը մասնակից լինելու» և «պետական միջոցները մսխելուն նպաստելու» մեջ, հաղորդում է ИТАР-ТАСС –ը: 

Նախորդ հոդվածը‘Եվս մեկ մենաշնորհ Լֆիկի համար. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Դանիա-Հայաստան՝ 0:4. Հանդիպման ամբողջ տեսաձայնագրությունը’