‘
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի կարծիքով՝ որպեսզի ՀՀ Վճռաբեկ դատարանը կարողանա ոտքի կանգնեցնել Հայաստանի դատական համակարգը, անհրաժեշտ է փոխել այդ կառույցի կազմը: Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ընդգծել է, թե. «Խիստ անհրաժեշտ է Վճռաբեկ դատարանի դատավորների կազմում փոփոխություններ կատարել, և այդ ատյանի կազմը համալրել գիտական պոտենցիալ ունեցող երիտասարդ կադրերով և ոչ թե ստորադաս ատյանների՝ նախկինում արատավորված դատավորներով»: «Ժողովուրդն» այս կապակցությամբ գրում է, որ իհարկե, այն, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի անդամների մեծամասնությունը ոչ թե այդ կառույցում պետք է լիներ, այլ ազատազրկման վայրերում՝ իրենց թույլ տված հանցանքերի համար, հանրահայտ իրողություն է: Բայց նրանց նշանակել են հենց այդպիսին լինելու համար, քանի որ նշանակողներն առանձնապես հակված չեն արդար դատական համակարգ ունենալուն: Ներկայացնում ենք նաև հատված Արա Զոհրաբյանի հետ հարցազրույցից.
—Պարո՛ն Զոհրաբյան, հասարակության վստահությունը դատական համակարգի նկատմամբ բարձր չէ, ինչպիսի՞ն է փաստաբանների պալատի վերաբերմունքը:
-Փաստաբանությունը քաղաքացիական հասարակության ինստիտուտ է և հասարակության կարծիքի ձևավորման հարցում մեծ մասնակցություն ունի: Փաստաբանական համայնքի վստահությունը դատական համակարգի նկատմամբ նույնպես բարձր չէ:
—Ձեր կարծիքով ի՞նչն է պատճառը, և ինչպե՞ս կարելի է դատական համակարգի նկատմամբ վստահությունը բարձրացնել:
-Պատճառներից մեկի վերացման համար պետք է դատավորների աշխատավարձերը բարձրացնել: Որպես հակափաստարկ, իհարկե, կարելի է ասել բյուջեի սղությունը, բայց վստահ եմ՝ արդար դատական համակարգ ունենալու դեպքում մեր երկրում ներդրումները կավելանան, և բյուջեն կլցվի: Պատկերացրեք թեկուզ հարկային համակարգում, եթե քաղաքացին վստահ լինի, որ հարկային ծառայողի անօրինական գործողություններից կարող է դատարանում պաշտպանվել, ապա մեծ սիրով հարկ կվճարի, քան կաշառք կտա հարկային ծառայողին: Իսկ երբ հարկային ծառայողի պահանջած կաշառքը չի տալիս, ու իր նկատմամբ մեծ ակտ է կազմվում, որն էլ քաղաքացին դատարանում չի կարողանում վերացնել, քանի որ որոշ պաշտոնյաների տրամաբանությամբ բյուջեն բարձր է Հայաստանի Սահմանադրությունից, ապա մեր քաղաքացին փորձելու է հարկ չվճարել նույն բյուջե և իր հարցը կարգավորել հարկային ծառայողի հետ:
Կոռուպցիոն խոսակցությունները և գործարքներն այս ոլորտից չեն վերացել: Ցավոք, որոշ փաստաբաններ այդ գործարքների մեջ ներքաշված են, իսկ կոռուպցիայից պաշտպանվելու օրենսդրական վերջին փոփոխությունն ուղղակիորեն նպաստում է կոռուպցիոն գործարքների ծածկմանը:
—Ի՞նչ օրենսդրական փոփոխության մասին է խոսքը:
-Նախկինում կաշառք տվող անձն ազատվում էր քրեական պատասխանատվությունից, եթե կամավոր հայտնում էր կաշառք տալու մասին, իսկ մոտ 2 տարի առաջ կատարված փոփոխությամբ սահմանվել է, որ կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում, և այդ անձը կաշառք տալուց հետո եռօրյա ժամկետում այդ մասին կամովին հայտնել է իրավապահ մարմիններին: Այս փոփոխությունն ուղղակիորեն նվեր էր կաշառակեր պաշտոնյաների համար, քանի որ կաշառք տալուց հետո 4-րդ օրը հայտնելու դեպքում արդեն պատասխանատվության է ենթարկվում կաշառք տվող անձը: Սա նշանակում է, որ այլևս անձինք հաղորդում չեն ներկայացնի:
‘