‘«Օրինական» թալան. ովքե՞ր են արտոնյալները ‘

2656

Իրավաբանական ֆակուլտետի ուսանող, 25-ամյա Սերգեյ Գրիգորյանը  ՀՀ այն հազարավոր քաղաքացիներից է, ով ավտոմեքենա ներկրելիս ՀՀ  մաքսատանը բախվել է «օրինական» թալանին, բայց միաժամանակ նա այն քչերից է, ով դրա դեմ պայքարում հասել է մինչեւ դատարան:

6 ամիս առաջ Սերգեյը «TRUST Company» ընկերությունից անձնական օգտագործման համար 10 հազար ԱՄՆ դոլարով գնել է 2004թ. արտադրության «Mercedes-Benz CLK 320» մակնիշի ավտոմեքենա: Ձեռքբերման վայրից՝ Ճապոնիայի Յոկոհամա քաղաքից մինչեւ Նագոյա նավահանգիստ ավտոմեքենան տեղափոխելու համար Սերգեյը վճարել է 300 դոլար, իսկ «Georgian Cargo Group» տրանսպորտային ընկերությունը 1265 դոլարի դիմաց հուլիսին մեքենան հասցրել է Վրաստանի Բաթումի նավահանգիստ, որտեղից էլ Սերգեյն անձամբ այն վարելով բերել է Երեւան:

Մինչ այդ, սակայն, նա ծախսել է նաեւ 203 վրացական լարի, որից 100-ով ավտոմեքենան բենզին է լիցքավորել, իսկ մնացած 103 լարին էլ նրանից պահանջել են նավահանգստում ավտոմեքենան ստանալու եւ դրա հետ կապված ծառայությունների դիմաց:

Բոլոր վճարումների համապատասխան փաստաթղթերը Սերգեյն ունի: Նա անգամ պահել է «TRUST Company»-ին եւ «Georgian Cargo Group»-ին ուղարկված գումարների համար բանկային միջնորդավճարների հանձնարարականները:

«Երբ գնացի մաքսատուն, միջանցքում փակցված գնացուցակներում իմ մեքենայի այսպես կոչված «հսկիչ գինը»՝ կողմնորոշիչ արժեքը, նույնիսկ չկար: Աշխատակիցներն էլ իբր համակարգչում փնտրեցին ու գտան, որ հայաստանյան շուկայում այն արժե 17 հազար 500 դոլար, եւ ես մաքսազերծման համար պետք է վճարեմ դրա 34 տոկոսը,- հիշում է Սերգեյը,- ներկայացրի բոլոր փաստաթղթերը եւ խնդրեցի, որ օրենքի համաձայն՝ այդ 34 տոկոսը գանձեն ավտոմեքենայի համար փաստացի իմ կատարած ծախսերից, այսինքն՝ կիրառեն «գործարքի գնի» մեթոդը: Ասացին՝ բացառվում է, դիմեք ՊԵԿ նախագահին, եթե թույլ կտա, կկիրառենք»:

Մի քանի տարի առաջ ներմուծված ավտոմեքենաների մաքսազերծմանը վերաբերող փոփոխություններով սահմանվեց, որ մինչեւ 5 տարեկան մեքենաների մաքսազերծման համար պետք է գանձվի մեքենայի արժեքի 32%-ը, մինչեւ 10 տարվա մեքենաների դեպքում՝ 34%-ը, 11-15 տարվա մեքենաներից՝ 42%-ը, իսկ 15 տարուց ավելի մեքենաներինը՝ 52%-ը։ Նման բարձր գների սահմանումը պաշտոնապես մեկնաբանվեց հետեւյալ կերպ՝ խրախուսում ենք նոր ավտոմեքենաների ներմուծումը: Սակայն իրականում հենց պաշտոնական տվյալներով տեղի է ունեցել հակառակը: Սա առանձին թեմա է, եւ հայկական ԶԼՄ-ները դրան բազմիցս անդրադարձել են՝ նշելով, որ մաքսազերծման նման բարձր գների պատճառով Հայաստանը վերածվում է հին ավտոմեքենաների գերեզմանոցի:

\"\"

Համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի (ՄՕ) 87-րդ հոդվածի՝ եթե ներմուծողը ներկայացնում է ապրանքի գնման եւ այն Հայաստան հասցնելու համար կատարած բոլոր ծախսերի համապատասխան փաստաթղթերը, ապա կիրառվում է մաքսային արժեքի որոշման «գործարքի գնի» մեթոդը: Այսինքն՝ կոնկրետ ավտոմեքենայի դեպքում կախված նրա տարիքից 32, 34, 42 կամ 52 տոկոս գանձվում է դրա վրա փաստացի ծախսված գումարից: Իսկ այն դեպքերում, երբ ապրանքի գնման եւ մաքսատուն հասցնելու փաստաթղթերն ամբողջական չեն, մաքսազերծումն իրականացվում է կողմնորոշիչ՝ «հսկիչ գների» մեթոդով, երբ ներկրողից համապատասխան տոկոսները գանձվում են` ելնելով նրանից, թե տվյալ ավտոմեքենան, ըստ մաքսայինի, Հայաստանում ինչ արժե:

Ըստ երեւույթին, ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանը «թույլ չի տվել» Սերգեյի ներկրած «Mercedes-Benz CLK 320»-ի նկատմամբ կիրառել «գործարքի գնի» մեթոդը: Գագիկ Խաչատրային ուղղված դիմումին պատասխանել է վերջինիս առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Աֆրիկյանը՝ մերժումը հիմնավորելով նրանով, որ « …ներկայացված փաստաթղթերում բացակայում են Վրաստանի Փոթի նավահանգստում ավտոմեքենայի բեռնաթափման եւ մինչեւ ՀՀ մաքսային սահման տեղափոխման համար կատարված հիմնավոր ծախսերը»:

«Նրանք այնքան են տարված մերժումով, իրենց համար ամեն ինչ այնքան ձեւական բնույթ է կրում, որ անգամ չեն էլ ուսումնասիրել դիմումին կից ուղարկածս փաստաթղթերը,- ասում է Սերգեյ Գրիգորյանը,- այլապես այդ փաստաթղթերը նույնիսկ հպանցիկ թերթելիս կտեսնեին, որ մեքենան ներկրվել է ոչ թե վրացական Փոթի, այլ Բաթումի նավահանգիստ»:

Եթե ավտոմեքենան Հայաստան ներկրելուց հետո 10-օրյա ժամկետում չես մաքսազերծում, գործի է դրվում տույժ-տուգանքների մեխանիզմը: Դրանից խուսափելու համար Սերգեյը «Mercedes-Benz CLK 320»-ը հանձնել է ՊԵԿ-ի պատասխանատու հսկողությանը եւ հուլիսից մինչ օրս մաքսատան ավտոկայանատեղիում դրա կանգառի յուրաքանչյուր օրվա համար վճարում է 1300 դրամ:

Նա Գագիկ Խաչատրյանին երկրորդ դիմումն է գրել՝ դրան դարձյալ կցելով «բացակայող» հիմնավոր փաստաթղթերը: Սակայն ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Աֆրիկյանը, մոռանալով մերժման համար բերած իր նախորդ հիմնավորումները, այս անգամ էլ նշել է, թե «ներկայացված փաստաթղթերում բացակայում է ճապոնական Յոկոհամա քաղաքից մինչեւ Նագոյա նավահանգիստ եւ նավահանգստում նավի տախծտակամածի վրա տեղադրելու համար կատարված վճարները»:

\"\"

Ներկայացված թիվ 133342 հաշիվ-ապրանքագրում բացակայում են նաեւ փաստաթուղթը տրամադրող պաշտոնատար անձի տվյալները (անուն-ազգանուն, պաշտոն): Թիվ 11135 հաշիվ-ապրանքագրում «Georgian Cargo Group» կազմակերպության հասցեն է Թբիլիսի, Ճավճավաձե 80, սակայն թիվ MSCUJ0859399 Bill of Landding (հասցեն նշված է) Կոստավա 67, որը հակասություն է առաջացնում ներկայացված փաստաթղթերում»,- գրել է գեներալ-մայոր Աֆրիկյանը՝ միաժամանակ նշելով, որ թիվ MSCUJ0859399 Bill of Landding փաստաթուղթը «ստորագրված չէ, բացակայում է ստացողի բնակության հասցեն եւ ստորագրված է ոչ այն սուբյեկտի կողմից, որը փաստացի իրականացրել է ավտոմեքենայի տեղափոխումը»:

Աղբյուրը՝ hetq.am

Նախորդ հոդվածը‘Շատ գեղեցիկ պաշտպանություն (լուսանկար)’
Հաջորդ հոդվածը‘Գազայի հատվածում առանց դատարանի որոշման մահապատժի է ենթարկվել 6 մարդ. Նրանք Իսրայելի օգտին լրտեսություն էին կատարում’