‘
ՀՀ նախագահի պաշտոնը զավթած անձնավորությունը Ռուսաստանում Մաքսային միությանը միանալու մասին հայտարարությունից հետո եվրոպացիներին բողոքել է, որ Ռուսաստանը ճնշում է գործադրել Հայաստանի վրա:
Մասնավորապես, Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկն այսօր հայտարարել է․ «Ես շատ ցավում եմ այդ որոշման համար։ Ես այս հարցը քննարկել եմ Հայաստանի նախագահի հետ։ Մենք գիտենք, որ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի կողմից անհավանական ճնշման տակ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ։ Սա է ամբողջ ճնշումը»։
Եթե Սերժ Սարգսյանը ունենար մի փոքր լեգիտիմություն, ապա նրա վրա որևէ մեկը ճնշում չէր կարող գործադրել, դեռ ավելին, նա կարող էր դիմել ժողովրդին և խնդրել ժողովրդի աջակցությունը, իսկ քանի որ Սերժ Սարգսյանի օրինակարգությունը հավասար է զրոյի, ապա նա ցանկացած կողմի ճնշման ընդունակ չէ դիմակայելու: Ու քանի որ նա չունի նաև այնքան արժանապատվություն, որպեսզի իր պատճառով երկիրը այս վիճակին հասցնելու համար հրաժարական տա, ապա նա նույնիսկ պետականության կորստի գնով փորձելու է պահել իր աթոռը: Արևմուտքը և Արևելքը, Հյուսիսն ու Հարավը մշտապես ճնշում են մեկը մյուսին, սակայն պետության գործառույթն էլ հենց այն է, որպեսզի կարողանա դիմակայել այդ ճնշումներին: Էլ ինչի՞ համար են ստեղծված ԱԳՆ-ն, հատուկ ծառայությունները, բանակը, եթե ոչ այն բանի համար, որպեսզի կարողնան պաշտպանել ազգային անվտանգությունը, իսկ ազգային անվտանգության հիմնական բաղադրիչը այն է, որ այլ պետության ներկայացուցիչները չկարողանան ճնշում գործադրել իր երկրի քաղաքացիների վրա ու ստիպել որևէ որոշում կայացնել:
Եթե Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացու ադրբեջանական հատուկ ծառայությունները առևանգեն և ստիպեն, որ նա հայտնի Հայաստանի պետական գաղտնիքները, ու հայրենիք վերադառնալուց հետո էլ շարունակի համագործակցել ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ, նրա բացահայտվելուց հետո որևէ մեկը չի ասելու, թե նա ճնշման տակ է այդ ամենը արել: Նրան դատելու են պետական դավաճանության համար, քանզի նա հնարավորություն ուներ հայրենիք վերադառնալուց հետո հայտարարել, որ ինքը չի կարողացել դիմակայել ճնշումներին, ու քանի որ նա գտնվում է այլ երկրի ճնշման տակ, ապա հրաժարվում է իր զբաղեցրած պաշտոնից, որպեսզի չվնասի Հայաստանի Հանրապետության պետական շահին:
Հանրապետականները՝ Շարմազանովի շուրթերով, կարող են հայտարարել, որ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը ստում է, և որևէ մեկը Սերժ Սարգսյանի վրա ճնշում չի գործադրել: Այդ դեպքում ՀՀ ԱԳՆ-ն պետք է նոտա ուղարկի Եվրամիությանը և պահանջի Եվրոպական պաշտոնյայի ներողությունը՝ Սերժ Սարգսյանին պետական դավաճան անվանելու համար, և, ինչու չէ, չհերքման դեպքում պետք է դատական գործ հարուցվի եվրոպացի պաշտոնյայի դեմ՝ Հայաստանի բարի համբավը արատավորելու համար: Ինչպե՞ս կարելի է հանդուրժել այն փաստը, որ ինչ-որ եվրաչինովնիկ մի այլ երկրի բարձրաստճան պաշտոնյայի մեղադրի պետական դավաճանության մեջ:
Իրականում մենք բոլորս էլ գիտենք, որ որևէ մեկը չի կարող մեղադրել եվրոպական պաշտոնյային, քանզի Սերժ Սարգսյանը իրականում իր կաշին փրկելու համար եվրոպացիների մոտ ներկայացել է որպես անզոր էակ, որն իր երկիրը դավաճանելու այլընտրանք չուներ, քանի որ ռուսները իրեն շանտաժի էին ենթարկել:
Արդյո՞ք կա աշխարհում մեկ այլ երկիր, որի նախագահը, ի լուր աշխարհի՝ հայտարարում է իր կողմից պետական դավաճանություն կատարելու մասին ու չի հեռացվում իր զբաղեցրած պաշտոնից:
Սանասար Հավասարյան
‘