Օրինաչափություն, որ ընկած է ընդդիմության դեմ քրեական հետապնդումների հիմքում. «ՍԻՎԻԼՆԵԹ»

1523

Անդրադարձ Հայաստանում քաղաքական, քաղաքացիական և կրոնական գործիչների ձերբակալություններին, կալանավորումների, ուժի կիրառմանը և քրեական հետապնդումներին․ 2025 թ. մայիս–2026 թ. հուլիս։

2025-ի մայիսից ի վեր Հայաստանում արձանագրվում է ձերբակալությունների, քրեական հետապնդումների, անձեռնմխելիության վերացման, երկրից ելքի արգելքների և գույքի բռնագրավումների շարունակական ալիք՝ ուղղված Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների, ընդդիմադիր առաջնորդների, գործարարների, լրագրողների և ընտրություններին մասնակցող թեկնածուների դեմ։

Առանձին-առանձին դիտարկելիս իշխանությունը գրեթե յուրաքանչյուր գործի համար ներկայացրել է իրավական հիմնավորում՝ հարկերից խուսափում, փողերի լվացում, ընտրակաշառք, ահաբեկչության նախապատրաստում, պետական դավաճանություն և այլն։ Սակայն ընդհանուր պատկերը դիտարկելիս գործերն ունեն նույնական կառուցվածքային հատկանիշներ, որոնք մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կառույցները վաղուց բնորոշում են որպես քաղաքական դրդապատճառներով հետապնդման, այլ ոչ թե սովորական իրավապահ գործունեության առանձնահատկություններ։

Հայաստանը նախևառաջ պարտավոր է առաջնորդվել իր սեփական Սահմանադրությամբ, ինչպես նաև միջազգային պարտավորություններով, որոնց թվում են Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Դրանք հստակ սահմանափակումներ են դնում պետական իշխանության համար հենց այն ոլորտներում, որոնց առնչվում են այս գործերը։ Ստորև ներկայացված օրինաչափություններից մի քանիսը կարծես թե փորձարկում են այդ սահմանները կամ անցնում դրանցից անդին։ Հայաստանը Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը վավերացրել է 1993-ին, իսկ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան՝ 2002-ին։

Ժամանակագրություն քաղաքական օրացույցներով, ոչ թե ապացույցներով

Վերջին տարվա առանձնահատկությունն այն է, թե որքան սերտ են ձերբակալություններն ու սահմանափակումներն առնչվում քաղաքական իրադարձություններին, այլ ոչ թե ապացույցների ի հայտ գալու պահին։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որը 2024-ից առաջնորդում է «Սրբազան պայքար» շարժումը՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ձերբակալվեց 2025-ի հունիսի 25-ին՝ ավելի քան մեկ տասնյակ համակարգված խուզարկությունների ընթացքում՝ ուղղված նրա հետ փոխկապված անձանց և ընդդիմադիր գործիչների դեմ։ «Տաշիր Գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը ձերբակալվեց 2025-ի հունիսի 18-ին՝ ընդամենը ժամեր անց այն բանից հետո, երբ հրապարակայնորեն աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ կառավարության հետ դիմակայության ֆոնին։ Կառավարություն-եկեղեցի հակադրության սրման պահին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալեցին նախկինում արած նրա հրապարակային հայտարարությունների համար, որոնցում դատախազությունը ավելի վաղ հանցակազմ չէր տեսել։ Դաշնակցության դեմ խուզարկությունները 2025-ի հուլիսի 9–10-ին անմիջապես հետևեցին վարչապետ Փաշինյանի՝ Թուրքիայից վերադարձին և միջանցքի շուրջ Հայաստան–Ադրբեջան բանակցություններին։ Անդրանիկ Թևանյանի մոտ խուզարկություն իրականացվեց և նա մեղադրվեց պետական դավաճանության մեջ՝ մի քանի օր անց այն բանից հետո, երբ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում անձամբ հայտարարեց, որ նրա դեմ գործ կհարուցվի։ Ձերբակալությունների ամենախիտ փուլը՝ Թևանյան, «Ուժեղ Հայաստան»-ի տասնյակ կողմնակիցներ, տեղի ունեցավ 2026-ի հունիսի 7-ի ընտրություններին նախորդած վերջին շաբաթներին, իսկ ընտրությունների արդյունքներից հետո՝ մի քանի օրվա ընթացքում, սկսվեց ձերբակալությունների և անձեռնմխելիության վերացման նոր ալիք, որն առնչվեց Ռոբերտ ՔոչարյանինԳագիկ ԾառուկյանինԱվետիք Չալաբյանին, ինչպես նաև «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների մի շարք գործիչների՝ այն պահին, երբ նրանց պատգամավորական անձեռնմխելիությունը դառնում էր վճռորոշ։

Այս դեպքերի հանրագումարը իրավական նշանակություն ունի՛։ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 25-րդ հոդվածը պաշտպանում է հանրային գործերին մասնակցելու և առանց անհիմն սահմանափակման պաշտոնի հավակնելու իրավունքը, իսկ միջազգային մոնիթորինգ իրականացնող մարմիններն ամրագրում են, որ թեկնածուներին գործունակությունից զրկելու կամ քաղաքականապես վճռորոշ պահերին շարժումները լռեցնելու նպատակով պահով պայմանավորված քրեական գործընթացը ավելի շուտ վկայում է անպատշաճ նպատակի, քան սովորական իրավակիրառման մասին։

Նախաքննական կալանք՝ առանց անհատականացված հիմնավորման

Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 9(3) հոդվածը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5(3) հոդվածը պահանջում են, որ նախաքննական կալանքը լինի բացառություն և արդարացվի գործին հատուկ, «համապատասխան և բավարար» պատճառներով, այլ ոչ թե միայն մեղադրանքի ծանրությամբ։ Արքեպիսկոպոս Գալստանյանը նախաքննական կալանքի մեջ անցկացրեց 344 օր, մինչև որ 2026-ի հունիսին տեղափոխվեց տնային կալանքի, ընդ որում՝ հիմքում եղած ահաբեկչության և հեղաշրջման մեղադրանքները մնացին ուժի մեջ։ Կարապետյանը պահվեց ավելի քան վեց ամիս, ներառյալ փաստագրված դրվագը, երբ նա վերադարձվեց նախաքննական կալանքի վայր՝ հիվանդանոցով անցնելու միջոցով՝ տնային կալանք ստանալուց ընդամենը տասնյոթ օր անց, և երկու օր անց կրկին վերադարձվեց տնային կալանքի։ Ծառուկյանը և «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք թեկնածուների նկատմամբ կիրառվեց երկամսյա նախաքննական կալանք, ինչը համընկնում է ընտրական և հետընտրական օրացույցի հետ։ Կալանքը, որի տևողությունն ու կիրառման ձևը զուգադիպում են քաղաքական հանգրվաններին, ոչ թե քննչական անհրաժեշտությանը, հենց այն է, ինչ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան դրույթները նախատեսված են կանխելու։

Հայաստանի իրավապահ մարմինների կողմից բիրտ ուժի կիրառումը 69-ամյա Ծառուկյանի ձերբակալության ժամանակ՝ նրան գետնին գցելը, ինչպես նաև նրա առանձնատան 12-ժամյա խուզարկությունը ևս մտահոգություններ են հարուցում։ Տեսանյութը կարծես նպատակ ուներ նվաստացնելու Ծառուկյանին։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն արձանագրեց, որ կիրառված ֆիզիկական ուժը անհամաչափ էր։ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 10-րդ հոդվածը պահանջում է, որ ազատությունից զրկված բոլոր անձանց «վերաբերվեն մարդասիրաբար և հարգանքով՝ մարդու անձին բնորոշ արժանապատվությամբ»։

Խոսքի քրեականացում՝ լայն ու անորոշ ձևակերպված հանցակազմերի միջոցով

Քրեական որոշ գործեր հիմնված են խոսքի նկատմամբ կիրառվող դրույթների վրա՝ «հանրային կոչեր պետական իշխանությունը յուրացնելու համար», «իշխանությունը զավթելու նախապատրաստում», «խուլիգանություն՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ»։ Արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը 2025-ի սեպտեմբերին դատապարտվեց երկու տարվա ազատազրկման՝ հարցազրույցներից մեկում արած հայտարարությունների հիման վրա. նրա փաստաբանն ընդգծեց, որ նա միայն կարծիք է արտահայտել, իսկ պաշտպանությունը գործը ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Կարապետյանի հիմնական մեղադրանքը նույնպես բխում է Եկեղեցուն աջակցող մեկ հեռուստատեսային արտահայտությունից։ «Իմնեմիմնի» փոդքասթի համահաղորդավարները՝ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը, մեղադրվեցին խուլիգանության մեջ՝ եթերում արված մեկնաբանությունների համար, որոնք արձագանք էին Ազգային ժողովի նախագահի կողմից հասցված վիրավորանքին։ Սամսոնյանը պահվեց մոտ հինգ ամիս, որի ընթացքում 15-օրյա հացադուլ արեց՝ մինչև բժշկական օգնություն ստանալը, իսկ Սաղաթելյանը գրեթե հինգ ամիս մնաց կալանքի տակ՝ մինչև վերահսկողության ներքո ազատ արձակվելը, որը նրան արգելում է հանրային խոսքը։ Եվրոպայի խորհրդի Լրագրության պաշտպանության պլատֆորմը ներկայացրել է 1-ին մակարդակի ահազանգ՝ նրանց կալանքի կապակցությամբ, և Հայաստանը առաջին անգամ ավելացվել է Եվրոպայի խորհրդի այն պետությունների ցանկում, որոնք լրագրողներին կամ մեդիա դերակատարներին պահում են կալանքի տակ։

Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 19-րդ հոդվածը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը պաշտպանում են քաղաքական խոսքը՝ որպես ամենաբարձր պաշտպանության արժանացող արտահայտման կատեգորիա։

«Իշխանության յուրացում» կամ «խուլիգանություն» ձևակերպումներով լայն և անորոշ քրեական նորմերի կիրառումը հարցազրույցների և հեռարձակվող մեկնաբանությունների նկատմամբ, այլ ոչ թե անմիջական բռնության հրահրման դեպքերում, առաջ է բերում այն դասական խնդիրը, որի մասին բազմիցս նշել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն՝ կառավարության քննադատությունը քրեականացնող անորոշ ձևակերպումներով օրենքները զսպող ազդեցություն են ունենում օրինական քաղաքական խոսքի վրա՝ շատ ավելի լայն շրջանակում, քան դրանց հայտարարված նպատակն է։

Այս հոդվածում նշված բոլոր հիմնական դեմքերը կառավարության քննադատներ են, ընդդիմադիր առաջնորդներ կամ այնպիսի հաստատություններ, որոնք դիտվում են որպես վարչապետ Փաշինյանի իշխանության հակակշիռ՝ կաթողիկոսն ու բարձրաստիճան հոգևորականները, Կարապետյանը (հայտարարված վարչապետի թեկնածու), ՀՅԴ ղեկավարությունը, Քոչարյանը և Ծառուկյանը (երկու ամենախոշոր ընդդիմադիր դաշինքների ղեկավարներ), ինչպես նաև հանրային գործիչներ, օրինակ Չալաբյանը՝ McKinsey-ի նախկին ավագ գործընկեր և «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության համակարգող, որը 2026-ի հունիսին ձերբակալվեց՝ իբր սփյուռքի քվեարկությունը ընդդիմության օգտին խրախուսելու ջանքերի համար։ Ընտրակաշառքի մեղադրանքներն էապես կենտրոնացել են «Ուժեղ Հայաստան»-ի վրա. հրապարակումները նկարագրում են, որ դրա «տասնյակ, հնարավոր է՝ հարյուրավոր» անդամներ ու աջակիցներ առերեսվում են նման մեղադրանքների, իսկ 2026-ի ապրիլին մեկ գործողությամբ ձերբակալվեց 14 կապակցված անձ։

Միջազգային մարդու իրավունքների իրավունքը քաղաքական գործիչներին կամ նրանց աջակիցներին չի արգելում հետապնդել իրական հանցագործությունների համար։ Սակայն Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 26-րդ հոդվածի ոչ խտրականության երաշխիքները պահանջում են, որ կիրառումը խտրականորեն չկենտրոնանա քաղաքական ներկապնակի մեկ կողմի վրա՝ առանց չեզոք բացատրության։ Այնպիսի օրինաչափությունը, երբ փաստացի նշանակալի որևէ ընդդիմադիր գործիչ՝ տարբեր, միմյանց հետ չառնչվող կուսակցություններից, նույն տասնչորսամսյա ժամանակահատվածում ենթարկվում է քրեական հետապնդման, ինքնին կարևոր ապացույց է խտրական կիրառման պնդման համար, անգամ այն դեպքում, երբ առանձին մեղադրանքները կարող են սկզբնական հայացքից վավեր թվալ։

Անձեռնմխելիության վերացում՝ ժամանակացույցով, որը գերազանցում է պատշաճ իրավական ընթացակարգը

Խորհրդարանական անձեռնմխելիությունը գոյություն ունի օրենսդիրի անկախությունը գործադիրի ճնշումից պաշտպանելու համար, ոչ թե անձանց անվերջ պատասխանատվությունից զերծ պահելու։ Սակայն այստեղ հաջորդականությունը խոսուն է։ Քոչարյանին 2026-ին հունիսի 14-ին արգելվեց լքել Հայաստանը, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեք օր անց՝ հունիսի 17-ի, վերացվեց նրա անձեռնմխելիությունը՝ 2004-ի պետական գործարքի առնչությամբ: Նրա փաստաբանի պնդմամբ՝ այդ գործարքը տեղի է ունեցել նախքան Քոչարյանի կամ նրա ընտանիքի որևէ առնչությունը, և գործն արդեն ենթակա չէ քրեական հետապնդման վաղեմության ժամկետի պատճառով։ Նույն ԿԸՀ նիստից ընդամենը օրեր անց «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու Դավիթ Ղազինյանը նույնպես զրկվեc անձեռնմխելիությունից և կալանավորվեc։

Երբ անձեռնմխելիության վերացումը արագացված ընթացակարգով կիրառվում է հատկապես նոր ընտրված ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ՝ կապված տասնամյակներ առաջվա նրանց վարքագծի հետ՝ առանց ակնհայտ նոր ապացույցների, դա խաթարում է այն անկախությունը, որը նախատեսում է Դաշնագրի 25-րդ հոդվածը քաղաքական մասնակցության պաշտպանության առումով։

Գույքային և տնտեսական ճնշում՝ քրեական գործընթացին զուգահեռ

Կառավարության քայլը՝ ազգայնացնելու Կարապետյանի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը, ընթանում է նրա քրեական գործին զուգահեռ։ Ստոկհոլմի առևտրի պալատի շտապ արբիտրը կարգադրել է ազգայնացման գործընթացի կասեցումը 2025-ի հուլիսի 24-ին՝ արգելելով կառավարությանը փոխել ՀԷՑ-ի կառավարումը կամ հետ կանչել դրա լիցենզիան։ Հայաստանի իշխանությունները չեն կատարել այդ որոշումը, իսկ երկրի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարն ազատվեց պաշտոնից այն բանից հետո, երբ ասաց, որ որոշումը պարտադիր է կատարման համար։

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Առաջին արձանագրության 1-ին հոդվածը պաշտպանում է սեփականությունը կամայական զրկումից, իսկ միջազգային արբիտրաժային մարմնի՝ շտապ միջոց կիրառելու պատրաստակամությունը հուշում է, որ գույքային գործողությունն ինքնին կարող է չդիմանալ սովորական իրավական քննությանը։

Ինչ է ասում կառավարությունը և ինչն է խնդրահարույց

Կառավարությունը մի քանի ամենալուրջ գործեր՝ Կարապետյան, Թևանյան, Չալաբյան, ներկայացնում է որպես արձագանք Հայաստանի քաղաքականության մեջ իրական արտաքին (ռուսական) միջամտությանը, այլ ոչ թե սովորական քաղաքական հետապնդման, և հղում է անում ընտրությունների շուրջ ռուսական ապատեղեկատվության փորձերի մասին հաղորդումներին։ Այդ համատեքստը բոլոր դիտորդների կողմից միատեսակ չի մերժվում. Դանիել Իոաննիսյանի ղեկավարած «Իրազեկ քաղաքացիների միավորումն» ասել է, որ Չալաբյանի գործի հիմքում ընկած նյութերը փոխանցել է դատախազությանը։

Իսկապես ազգային անվտանգության նշանակության գործերով քրեական հետապնդումները ինքնին անօրինական չեն, և վերը նշվածներից ոչ մեկը չի նշանակում եզրակացություն, որ որևէ մեղադրյալ անմեղ է կամ որ որևէ վարքագիծ հիմնավորված չի եղել։ Հայաստանի Քրեական դատավարության օրենսգրքին և միջազգային մարդու իրավունքների իրավունքին համապատասխան՝ քրեական իրավախախտման մեջ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը օրինական ուժի մեջ մտած դատական վճռով հաստատված չէ։

Սակայն օրինաչափությունը ցույց է տալիս, որ Հայաստանի ինստիտուտները՝ բազմազան գործերում, որոնք ընդգրկում են միմյանց հետ չկապված բազմաթիվ դերակատարներ, վերարտադրում են հենց ա՛յդ կառուցվածքային ցուցիչները՝ քաղաքական ժամանակագրություն, երկարատև կալանք առանց գործի հատուկ հիմնավորման, խոսքի վրա հիմնված մեղադրանքներ՝ անորոշ ձևակերպված դրույթներով, կիրառման կենտրոնացում ընդդիմության վրա և անձեռնմխելիության արագացված վերացում, որոնք միջազգային մարդու իրավունքների իրավունքը դիտարկում է որպես նախազգուշացնող ազդանշաններ այն մասին, որ համակարգը կարող է օգտագործվել քաղաքական նպատակներով, այլ ոչ թե անաչառ արդարադատության համար։ Հայաստանում, մարդու իրավունքների չափանիշներին հակառակ, թվում է, իշխանությանը հակադրվող գործիչները ենթադրաբար մեղավոր են համարվում՝ մինչև անմեղությունն ապացուցելը։

Անկախ նրանից, թե առանձին քրեական հետապնդումները վերջում կհաստատվեն որպես հիմնավոր, տասնչորս ամսվա ընթացքում կուտակված ընդհանուր պատկերը պահանջում է շարունակական անկախ մոնիթորինգ։ Կառավարությունը պարտավոր է ցույց տալ՝ առանձին գործերով և ամբողջության մեջ, որ այս հոդվածում բարձրացված մտահոգությունները սովորական իրավակիրառում են, ոչ թե այն օրինաչափությունը, որին այդքան նման են։

. . .

Հրայր Պալեանը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և հասարակական կազմակերպություններում (Քարթերի կենտրոն և International Crisis Group)։ Հանրային ծառայության 35-ամյա կարիերայի ընթացքում նա աշխատել է հակամարտությունների կարգավորման, ընտրությունների և մարդու իրավունքների ոլորտներում՝ Բալկաններում, Արևելյան Եվրոպայում, Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում։ Պալեանը նաև դասավանդել է հակամարտությունների կարգավորում, բանակցություններ և միջնորդություն՝ Էմորի համալսարանի Իրավաբանական դպրոցում։ Նա «Անավարտ խաղաղություն. Ղարաբաղյան հակամարտությունն ու բաց թողնված հնարավորությունները» գրքի հեղինակն է (Նյումեգ, 2026), անգլերենը՝ Anatomy of Peacemaking: Nagorno-Karabakh Conflict & Missed Opportunities (Palgrave Macmillan, Feb 2026).

CIVILNET

Նախորդ հոդվածըՏեսանյութի հանրայնացումը կրել է անձին հրապարակային նվաստացնելու և ցուցադրաբար պատժելու նպատակ․ ՀԿ-ների հայտարարությունը
Հաջորդ հոդվածըԱշոտ Սարգսյան. Այսպես կոչված` «ռուսական վտանգի» մասին