Օրհասական մտքերի հոսք․ Հրապարակ

2104

Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին հասկացողների եւ «չհասկացողների» շրջանակը 20 եւ ավելի տարիների ընթացքում նույնն է մնացել, ասել է, թե՝ պետական եւ անձնական շահերի ջրբաժանը փոփոխության չի ենթարկվել: Ցավոք:

Արցախյան առաջին պատերազմի դժվարագույն հաղթանակը տեսանելի է բոլորի համար, բայց… երկու անգամ Հայաստանը քաղաքացիական պատերազմից զերծ պահելու հնարագիտությունը ոչ ընկալելի է շատերի համար: ՀՀ հիմնադիր նախագահի ողջամտության շնորհիվ ե՛ւ 1998-ին, ե՛ւ 2008-ին Հայաստանը խուսափել է քաղաքացիական պատերազմից, ինչից խուսափել չկարողացան թե´ Վրաստանը, թե´ Ադրբեջանը:

Եթե կա մուտք, պետք է անպայման լինի նաեւ ելք: Հիմա մենք ելքի փնտրտուքների մեջ ենք: Փառք Աստծո, որ Հայաստանում կա քաղաքական ուժ, որ ելքի իր ճշգրիտ պատկերացումն ունի:

Նորահայտ քաղաքագետների, վերլուծաբանների բանավեճերում տեսանելի է հակամարտող որեւէ կողմի նկատմամբ նրանց նախատրամադրվածությունը: ՀՀ առաջին նախագահի խոսքում նախատրամադրվածություն, զգացմունքայնություն չկար: Պարզապես լրջորեն խորհրդածելն էր ներկա ցավոտ խնդիրների լուծման հնարավոր ելքերի շուրջ: Ոմանք՝ նախատրամադրվածները, այդ բացահայտումը որակում են որպես օտարի չոր ու անտարբեր մտահոգություն:

Շատերն են հարց տալիս՝ ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց Ռ. Քոչարյանին, ինչ է, չգիտե՞ր, թե ով է նա: Ի դեպ, հակառակը հարցնողներ չեղան: Հարցադրումը տեղին չէ, հարցադրումը պետք է լինի «ինչի՞ համար»: Չգիտե՞ք, որ ներկայիս գլխավոր խնդիրն աննախադեպ վտանգից հնարավորինս մեղմ ցավով դուրս գալու ուղիների հրատապ փնտրտուքն է:

Հիշում ենք՝ տարիներ առաջ մի լրագրող հարցրեց ՀՀ առաջին նախագահին՝ Դուք սխալներ չե՞ք գործել: Ի՜նչ դիպուկ եղավ պատասխանը՝ Դուք մեկը նշեք, ես տասը կավելացնեմ:

Ի՞նչն է մեզ համար մեծագույն արժեք՝ արժանապատիվ խաղաղությամբ պետականության, ինքնիշխանության պահպանումն ու ամրապնդումը, թե՞…

Աստղաբաշխական թվով քաղաքագետներ, վերլուծաբաններ ունենք՝ իսկը Գինեսի ռեկորդների գրքում գրանցելու հայտ: Դժվար թե Հայաստանն աշխարհում կուսակցությունների թվով (առատությամբ) մրցակից ունենա:

Հակառակորդին հասցված 10 ապտակի բերկրանքն այնքան զգալի չէ, որքան հակառակորդից ստացած մեկ ապտակի ցավը: Ականջներիս օղ անենք:

Ցանկացած փլուզված երկիր վիրավոր գազան է: Իսկ վիրավոր գազանն ավելի վտանգավոր է: Մեզ ձեռնտո՞ւ է, որ աշխարհի մի երկիր վիրավոր գազանի վերածվի…

Յուրաքանչյուր մարդ ունի իր մտավոր կարողությունների (ինտելեկտի) վերին շեմը: Երբ մարդը գործում է իր շեմի տիրույթում, ամեն ինչ ընթանում է հարթ, տրամաբանված ու արդյունավետ: Երբ հայտնվում է իր շեմից դուրս, նրա քայլերը դառնում են խառնիխուռն, չտրամաբանված եւ վնասաբեր: Ինքներդ որոշեք՝ ո՞վ, ե՞րբ եւ ի՞նչ հանգամանքներում է շեմից դուրս սայթաքել:

Սփոփվե՞նք, որ Հայաստանում կան համակիրների, գաղափարակիրների մի քանի քաղաքական ուժեր: Բայց, ցավոք, սնկի նման աճել են վարձկաններով համալրված քաղաքական կառույցները:

Որեւէ մեկին (մեծություն) վարկաբեկելու հաշվին սեփական վարկանիշը բարձրացնելու փորձերը ձախողված են: 

Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը դիպուկ կարելի է ձեւակերպել Երվանդ Օտյանի «Որ մենք հերոս» բառակապակցությամբ: Մի ճշտում մեզ թույլ տանք՝ «մենք»-ը փոխարինենք «ես»-ով՝ «Որ ես հերոս»: 

Հայաստանն այդպես էլ չհաղթահարեց «ոչմիթիզականության» սինդրոմը, ինչի արդյունքը եղավ այն, ինչ ունենք: Աշխարհի հետ հարաբերվելու մեր մոտեցումը միակողմանի երթեւեկություն չպետք է լինի, այլ՝ երկկողմանի երթեւեկություն: Եթե ակնկալում ես ինչ-որ բան ստանալ, պետք է նկատի ունենաս ինչ-որ բան տալը: Հակիրճ ասած՝ ա´ռ եւ տո´ւր:

Մարտին եւ Արամայիս Ասլանյաններ

Ճարտարագետ-նախագծողներ

Հրապարակ

Նախորդ հոդվածըԲայդենը Ուկրաինայի հարցով ավելի քան 225 ժամ խորհրդակցել է ուրիշ առաջնորդների հետ
Հաջորդ հոդվածըԲաստռիկինը հանձնարարել է հետաքննել լեհ վարձկանների հանցագործությունները