‘Օրվա ամփոփում. Կարեւոր իրադարձությունները’

1442

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին Հայաստանը «զարթնեց» Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու վերաբերյալ հայտարարության ֆոնին:

Ու մինչ քաղաքական ուժերը, քաղաքացիները կատարվածի վերաբերյալ իրենց տեսակետներն էին արտահայտում՝ ոմանք կողմ, ոմանք՝ դեմ, Սերժ Սարգսյանը նոր անակնկալ մատուցեց: 

Սահմանադրական փոփոխությունները, որոնց մասին տեւական ժամանակ խոսակցություններ էին շրջանառվում քաղաքական դաշտում, կարծես թե՝ իրականություն են դառնում: Համենայնդեպս, այսօր Սերժ Սարգսյանը հրապարակեց հրամանագիր, որով սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով է ստեղծում: 

Կեսօրին մի խումբ ակտիվիստներ բողոքի ցույց անցկացրեցին Բաղրամյան 26-ում՝ նախագահականի դիմաց: Ամեն ինչ համեմատաբար հանգիստ էր ընթանում՝ քանի դեռ բողոքն ուղղված էև Ռուսաստանի դեմ: Բայց երբ մասնակիցները սկսեցին վանկարկել «Սերժիկ, հեռացիր», ոստիկանները սկսեցին նրանց բերման ենթարկել:

10 քաղաքացիներ բերման ենթարկվեցին ոստիկանություն, որոնցից մեկին՝ Արգիշտի Կիվիրյանին բռնի ուժով տարան հենց Ոստիկանության Արաբկիրի բաժնից:

Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը այդ ընթացքում հայտարարեց, թե Հայաստանը պատրաստվում է ստորագրել նաեւ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Ավելին, Սարգսյանը հստակ ժամկետ նշեց՝ Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովին Հայաստանը, ըստ նրա, պետք է նախաստորագրի այն:

Բայց Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին էշթոնի մամլո քարտուղար Մայա Կոսյանչիչը հայտարարեց, թե իրենք Հայաստանից պարզաբանումներ են ակնկալում:

Երեկոյան ոստիկանություն տարված քաղաքացիներն սկսեցին ազատ արձակել:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ, ըստ որոշ տեղեկությունների, մեկնելու է Բրյուսել:

Ի դեպ, օրվա ընթացքում հրապարակվեց Համաշխարհային տնտեսական ֆորումի 2013-2014թթ. Համաշխարհային մրցունակության զեկույցը (The Global Competitiveness Report), որից պարզ դարձավ, որ Հայաստանը տարածաշրջանի ամենաանմրցունակ երկիրն է՝ չհաշված Իրանը

 

 

 

Նախորդ հոդվածը‘Գյումրի. Դատարանը հնարավորություն չունեցավ դիտել տեսաերիզները (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ. Սա զրոյական խաղադրույքով խաղ չէ’