‘Օրվա համառոտ ամփոփում’

1326

Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի վեցերորդ նիստը, որտեղ քննարկվել և որոշվել է միասնական կարգով քննարկման առարկա դարձնել Հանձնաժողովին ներկայացված առաջարկությունները: 

Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունը Երևանում կազմակերպել էր խոշոր հրամանատարաշտաբային ուսումնավարժություն` «Երևանում ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը և իրականացումը» թեմայով: Ուսումնավարժությունն այնքան իրականին նման է եղել, եւ գումարած դրան` մինչ այդ որեւէ տեղեկատվություն չի հաղորդվել սպասվող վարժանքների մասին, որ քաղաքացիներից շատերը կարծել են, թե իրական պայթյուն է եղել Սարյան փողոցի վրա: 

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնող խումբն իրազեկման երթով այսօր շարժվել է դեպի Նոր Նորքի զանգվածում գտնվող «Երեւան Սիթի» սուպերմարկետ, որտեղ տեղի ունեցավ ընդհարում դեղին գլխարկով ակտիվիստների և կարմիր բերետավորների միջև:  

Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 25-ին ստորագրել է տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարությունը հաստատելու մասին կանոնադրություն: 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` ելույթ ունենալով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի արդյունքներին նվիրված մամլո ասուլիսում հայտարարեց, որ Մաքսային միության երկրները պաշտպանել են ՄՄ-ին միանալու՝ Հայաստանի և Ղրղզստանի մտադրությունը: «Մենք Պայմանավորվեցինք ստեղծել աշխատանքային խումբ, որի առջև խնդիր է դրված ամենակարճ ժամկետում պատրաստել համապատասխան «ճանապարհի քարտեզը»,- նշել է Ռուսաստանի նախագահը: 

Իսկ ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը՝ ամփոփելով ԵԲՏԽ-ի՝ նախօրյակին ուշ երեկոյան ավարտված գագաթնաժողովի արդյունքները` հայտնել է, որ Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհի քարտեզը» պետք է պատրաստ լինի մինչև Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի (ԵԲՏԽ) դեկտեմբերյան գագաթնաժողովը, որը կկայանա Մոսկվայում: 

Պաշտոնանկությունները դատախազություններում շարունակվում են. այս անգամ Կոտայքի մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Էդուարդ Անդրիկյանը և Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Հմայակ Զաքոյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից` սեփական դիմումների համաձայն:

Հայաստանի մասնակցությունը ՄՄ-ին չի կարող լինել նույն ձևաչափով, ինչ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մասնակցությունն է, թեկուզ այն պատճառով, որ Հայաստանն ընդհանուր սահմաններ չունի այդ ինտեգրացիոն նախագծի հետ: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: 

Հոկտեմբերի 25-ին, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում «ԱրմենՏել» ընկերության նկատմամբ սահմանվեց 20 մլն դրամի չափով տուգանք: Հիշեցնենք, որ «Օրանժ Արմենիա» ընկերությունն ավելի վաղ դիմել էր ՏՄՊՊՀ և բողոք ներկայացրել մրցակից ընկերության՝ «ԱրմենՏել»-ի դեմ: 

Այսօր Սերժ Սարգսյանը խնդրել է հնարավորինս արագ Հայաստանին ընդունել Մաքսային միության կազմի մեջ:

Լույս է տեսել ֆրանսիացի հայտնի քաղաքական գործիչ Լուի Ժուանեի (ծնվ. 1934թ.) հուշերի գիրքը (Editions la Decouverte, Paris, 2013, 351p.)։ Իր երկարամյա գործունեության ընթացքում Ժուանեն եղել է մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի անկախ փորձագետ, Ֆրանսիայի նախագահ Միտերանի եւ հինգ սոցիալիստ-վարչապետների քաղաքական խորհրդական, իսկ մամուլի կողմից արժանացել է «Արդարադատության ոգի» պատվավոր կոչմանը։

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է երկրի կառավարությունում ժողովրդական բարձրագույն երջանկության ենթանախարարություն ստեղծելու մասին: Նոր գերատեսչությունը զբաղվելու է ծերերի, երեխաների, հաշմանդամների և տնանկների խնդիրների լուծմամբ: 

Femen «սեքստրեմիստական» կազմակերպությունն սկսել է կանանց հավաքագրումն այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայում բացվել է այդ շարժման նոր ներկայացուցչությունը: Բրիտանիան դարձել է այն 11 երկրներից մեկը, որտեղ  ուկրաինական այդ շարժումն ակտիվ գործունեություն է ծավալում՝ վստահ հայտարարելով, որ «պատրաստ է  նահապետական համակարգը քանդել կրծքով»: 

Ինչպես նաև չմոռանանք մեր ամենօրյա խմբագրականների մասին: 

Նախորդ հոդվածը‘Պրահայում Ստալինի հուշարձանի տեղում կախել են հսկայական ցուցապաստառ՝ Պուտինի պատկերով’
Հաջորդ հոդվածը‘Նոր մանրամասներ Յուրիկ Վարդանյանի որդու գործի մասին. Մամուլ’