‘Օրվա համառոտ ամփոփում’

968

Հոկտեմբերի 30-ին iLur.am-ում տպագրվել է ՀՀ հիմնադիր նախագահ, Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածը: Այն կարող եք ընթերցել այստեղ:

Այսօր Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի անվտանգության և պաշտպանության հարցերի հանձնաժողովի արտագնա նիստը, որի ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցության աշխուժացման և անվտանգության ապահովման հեռանկարները ՀԱՊԿ  տարածքում:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամային հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները: Կրթության և գիտության նախագահ Արմեն Աշոտյանը այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ 2014 թվականի բյուջեի նախագծի համաձայն, կրթության ոլորտի ծախսերը կազմում են շուրջ 122.1 մլրդ դրամ, որոնք 2013 թվականի համանման ցուցանիշի համեմատ ծախսերն ավելացել են 13 տոկոսով: 

Սպորտի և երիտասարդության նախարար, ծանրամարտիկ Յուրիկ Վարդանյանը մեկնաբանել է հայ-իրանական սահմանում թմրանյութեր փոխադրելու կասկածանքով ձերբակալված իր որդուն առնչվող աղմկահարույց պատմությունը: «Ամեն ինչ լավ է, անհանգստանալու ոչինչ չկա»,- հայտնել է նախարարը: 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ Գորիսի միջադեպի գործով մոտ 2500 թերթից իրեն նախաքննական մարմինը տրամադրել է ընդամենը 210 էջը: Չնայած այն բանին, որ Արտակ Բուդաղյանի նկատմամբ համաներում է տարածվում, նրա պաշտպանը մտադիր է գործը դատարան հասցնել: 

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ԵՄ աջակցությամբ մի շարք ուղղություններով մեր երկրում իրականացվող բարեփոխումներին: 

Ապարան-Երևան ճանապարհին հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից մեկը՝ 3-ամյա Մանե Գալստյանը, մահացել է: Այս մասին հայտնել է  «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:

Հոկտեմբերի 30-ին,ժամը 15-ի սահմաններում, Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի-Այրում գյուղի հենակետերից ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերով գնդակոծել է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը: Բարեբախտաբար, այդ ճանապարհով երթեւեկող մեքենաները եւ ուղեւորները չեն տուժել: 

«Հայաստանում ներդրողների համար գրավիչ դաշտ դեռ չի ձևավորվել»: Այս մասին հոկտեմբերի 30-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ մեկնաբանելով Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC)` «Doing Business-2014» զեկույցը: 

Համաձայն Հայաստանի 2014 թվականի պետբյուջեի նախագծի, բնապահպանության ոլորտի ծախսերը 2014 թվականին կկազմեն 2.3 մլրդ.դրամ, ինչը 28.6% ավելի է, քան 2013 թվականին: Այսօր ՀՀ խորհրդարանում կայացած բյուջեի վերաբերյալ լսումների ընթացքում հայտարարել է ՀՀ բնապահպանությնա նախարար Արամ Հարությունյանը: 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այսօր Երևանում հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ։

Չմոռանանք նաև մեր այսօրվա խմբագրականի մասին, որը չարժե բաց թողնել: 

Նախորդ հոդվածը‘Forbes. Պուտինը աշխարհի ամենաազդեցիկ մարդն է’
Հաջորդ հոդվածը‘«Վերլուծական» կայքերի առաջիկա արձագանքը. «Էս ի՞նչ շուխուռ ա», «թութուն ցանեք, թութուն»’