‘Օրվա համառոտ ամփոփում’

893

Այսօր մի խումբ ծրագրավորողներ Ազգային ժողովի դիմաց յուրօրինակ բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ հունվարի 1-ից ներդրվող պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի: Նրանք իրենց համակարգիչների մկնիկները քարշ տալով տարել և գցել են ԱԺ-ի դարպասների մոտ: 

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ցուցմունք է տվել ամբաստանյալ Հարություն Սարգսյանը, ով հայտնել է, որ իրեն մի քանի անգամ դաժան ծեծի են ենթարկել ոստիկանները, այդ թվում` Երեւանի ներկայիս ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանը եւ այլք:

«Փրկենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնող խումբն այսօր հերթական երթն է անցկացրել` ի պաշտպանություն Ծածկած շուկայի: 

Սկանդալային հայտարարություն է արել Յուրի Վարդանյանի որդին, ով իր ցուցմունքում նշել է, որ թմրանյութը նախատեսված է եղել Սերժ Սարգսյանի և իր ընտանիքի համար: 
Հայտարարությանը արձագանքել է նաև ՀՀ ոստիկանությունը:

Այսօր զավեշտալի քննարկում է տեղի ունեցել ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովում` Հրանտ Բագրատյանի եւ հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի միջեւ բանավեճի ժամանակ: Բանավեճն այնքան է թեժացել, որ երբ Բագրատյանը կտրուկ վեր է կացել տեղից, բոլորին թվացել է, թե նա լքելու է սենյակը, բայց նա ընդամենը պիջակն էր հանում։ 

Տիգրան Սարգսյանը հանրությանը կոչ է անում լցվելու համբերությամբ եւ հետեւելու, 1 օրից ամեն ինչ պարզ կլինի: 

Նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատների ու ԿԽՄԿ երևանյան գրասենյանի ներկայացուցիչների հանդիպումը։ Կարմիր խաչի Բաքվի գրասենյակից հավաստիացրել են, որ Հակոբը առողջական խնդիրներ չունի: 

Թուրքիայի և Իրանի արտգործնախարարներ Ահմեդ Դավութօղլուն և Ջավադ Զարիֆը այսօր Թեհրանում համատեղ ասուլիսի ժամանակ հանդես են եկել կոչով՝ «Ժնև -2» խախաղության համաժողովից առաջ դադարեցնելու ռազմական գործողությունները Սիրիայում : 

Ի տարբերություն Երեւանի Ստեփանակերտի իշխանությունները որոշել են բարձրացնել պետական ծառայողների աշխատավարձերը, սակայն 20%-ով ավելի քիչ: 

Հազարավոր ցուցարարներ ընդդիմության առաջնորդի կոչով այսօր առավոտյան Բանգկոկում հավաքվել են հակակառավարական ցույցի՝ նախարարությունների շենքերը «խաղաղ գրոհի» ենթարկելու նպատակով: 

Լատվիայի վարչապետ Վալդիս Դոմբրովսկիսը այսօր հրաժարական է տվել՝ կապված Ռիգայի կենտրոնում Maxima առևտրի կենտրոնի ողբերգության հետ, որի հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ: 

Իսկ iLur.am-ի օրվա մի մաս դարձած խմբագրականը կարող եք կարդալ այստեղ

Նախորդ հոդվածը‘Վիլնյուսում ընդունվելու է համատեղ հայտարարություն. Շարմազանով’
Հաջորդ հոդվածը‘Հրանուշ Հակոբյանը «սովետի թվից» կասկածելի եկամուտներ է ունեցել. Մամուլ’