‘Օրվա համառոտ ամփոփում’

785

Այսօր Ազգային  ժողովը 44 կողմ, 56 դեմ հարաբերակցությամբ մերժեց ԱԺ մեկ երրորդի կողմից նախաձեռնված՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառությունը մեկ տարով հետաձգելու վերաբերյալ հայտարարության նախագիծը:
Իսկ «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնության անդամները կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել ԱԺ-ի դիմաց, որից անմիջապես հետո շարժվել են դեպի ՄԻՊ գրասենյակ, այնուհետև` Կառավարություն:

Ազգային ժողովում այսօր ներկայացվեց Հայ ազգային կոնգրեսի՝ «Համատարած, համակարգված  կոռուպցիա» վերնագրված հարցապնդումը կառավարությանը: Հարցապնդման մեջ Կոնգրեսի փորձագետները ներկայացրել են պետական բյուջեի եկամտային մասի թալանին, մինչեւ բյուջե մուտք գործելը, բաձրաստիճան մի շարք պաշտոնյաների օրինական եկամուտների եւ հայտարարագրված գույքի ու եկամուտների անհամաչափությունը, վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված օֆշորային պատմությունը եւ այլ հարցեր:

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը գազի գնի ձեւավորման եւ «Հայռուսգազարդի» վերջին 20 տոկոսը վաճառելու վերաբերյալ չորս հարցադրում ներկայացրեց կառավարությանը: Մանրամասները` այստեղ:

Գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հաղորդել է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը կհանգեցնի ապրանքների որոշ խմբերի սակագների աճի: Ըստ նրա` որոշ ապրանքների և բաղադրիչների մաքսատուրքեր կարող են ավելանալ միջին հաշվով 4-5 տոկոսով:

Առավոտյան իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարություն են տարածել, որով դատապարտում են դեկտեմբերի 2-ին ոստիկանների իրականացրած գործողությունները:

Այսօր հայտնի է դարձել, որ ըստ Forbes ամսագրի` աշխարհի վատթարագույն երկրների ցանկում Հայաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը:

Դեկտեմբերի 4-ին Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ, պատմաբան եւ պարզապես հրաշալի մի անձնավորության՝ Աշոտ Սարգսյանի ծննդյան օրն է:

Այսօր Բանգկոկում ցուցարարները, ընդդիմության առաջնորդ Սուտեպ Տաուգսուբանի գլխավորությամբ, շարժվել են դեպի ազգային ոստիկանության գլխավոր վարչություն, որպեսզի պահանջեն, որ ոստիկանությունն անցնի «ժողովրդի կողմը»:

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը հայտարարել է, որ Եվրամիությունը նոր բանակցություններ չի սկսի Ուկրաինայի հետ ասոցացման և խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ արդեն նախաստորագրված համաձայնագրի բնագրի շուրջ:

Եւ վերջում չմոռանանք նաև մեր օրվա մի մաս դարձած խմբագրականների մասին:

Նախորդ հոդվածը‘Նրանք քվեարկել են ձեր աշխատավարձի նվազման համար. Ճանաչեք նրանց ‘
Հաջորդ հոդվածը‘Հրդեհ`«Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն»-ում’