‘Օրվա համառոտ ամփոփում’

732

Օրը համեմատաբար հանգիստ էր.

«Դ!եմ եմ» նախաձեռնությունը այսօր հայտարարություն է տարածել, որով  «Ընդդեմ պարտադիր կենսաթոշակային վճարների» խնդրով հետաքրքրված բոլոր քաղաքացիներին դեկտեմբերի 17-ին հրավիրում է երթի: Նույն օրը ԱԺ չորս խմբակցությունները (ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ, Ժառանգություն) կդիմեն Սահմանադրական դատարան: 

Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր Ազգային ժողովում պետբյուջեի քննարկման ժամանակ կրկին խմբակցության անունից հայտարարել է, որ դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին: Իսկ ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ԱԺ պատգամավոր՝ Տ. Ուրիխանյանը նշել է, որ երեկ տեղի ունեցած քննարկման արդյունքում խմբակցությունը նույնպես որոշել է իր դիրքորոշումը հայտնել դեմ քվեարկելու ձևով: 

Հայտնի է դարձել, որ բացառիկ հանրային գերակա շահ ճանաչված` Պռոշյան  փողոցի տների բնակիչները ոչ մեկին չեն խնդրել քանդել իրենց բնակարանները եւ տեղում նոր բազմաբնակարան շենք կառուցել: Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Երևանի քաղաքապետի  առաջարկով Կառավարությունը քննարկեց Պռոշյան և Դ. Դեմիճյան փողոցներին ու Սիրահարների զբոսայգուն հարակից տարածքի նկատմամբ բացառիկ՝  գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշումը: 

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ  Շանթ Հարությունյանին «Նուբարաշեն» հոգեբուժարանից տեղափոխել են «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Ինչպես հայտարարել է Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը, Շանթ Հարությունյանի նկատմամբ նշանակված դատահոգեբուժական փորձաքննությունն արդեն ավարտվել է, սակայն եզրակացություն դեռ չի կազմվել:

Այսօր կայացած ասուլիսում Ադրբեջանի Քաղաքական ինովացիաների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ-ն անակնկալ և հիմնովին փոխել է դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ հօգուտ հայերի: Դրա հիմնական պատճառը Միացյալ Նահանգների կողմից Լեռնային Ղարաբաղի հարցը Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական պայքարի գործոնի վերածելն է:

Հնդկաստանի գերագույն դատարանն այսօր որոշում է կայացրել, որ համասեռական կապերը հանդիսանում են քրեական հանցագործություն. չեղյալ է հայտարարվում 2009 թ. Դելիի գերագույն դատարանի կայացրած որոշումը, որի համաձայն՝ միևնույն սեռին պատկանող երկու հասուն մարդկանց միջև մտերիմ հարաբերությունները չէին համարվում հանցագործություն:

Իրավիճակը Կիևում լարված է. այս գիշեր Ուկրաինայի մի քանի հազար հատուկ ջոկատայիններ և ներքին զորքերի զինվորներ կարողացել են ճեղքել բարիկադները Կիևի կենտրոնական Ինստիտուտսկայա փողոցում և ներխուժել ընդդիմության վրանային ավան: Ականատեսները հաղորդում են պարբերաբար տեղի ունեցող ընդհարումների մասին միլիցիայի աշխատակիցների և ցուցարարների միջև:

Չմոռանանք նաև iLur.am-ի այսօրվա խմբագրականի մասին:

Նախորդ հոդվածը‘Վրաստանում հաստատել են գաղտնալսումների մասին տեղեկատվությունը’
Հաջորդ հոդվածը‘Օրվա պատմությունը’