‘Օրվա համառոտ ամփոփում’

813

Այսօր  84 տարեկան հասակում Ստեփանակերտում վախճանվել է Սերժ Սարգսյանի հայրը՝ Ազատ Ավետիսի Սարգսյանը: 

Հայտարարություն է տարածել «Լիսկայի գործով» սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը՝ մերժելով վերջին ժամանակներս Սուրիկ Խաչատրյանի կամ նրա շրջապատի կողմից տարածված տեղեկությունը, ըստ որի՝ Բուդաղյանները հաշտվել են կամ հաշտման ճանապարհին են Խաչատրյանների ընտանիքի կամ նրանց մերձավորների հետ: 

Հայաստանում ոչ թափանցիկ ընտրությունների արդյունքում ընտրված իշխանությունը հաշվետու չէ հասարակությանը: Այդ մասին ասվում է հակակոռուպցիոն կենտրոնի զեկույցում, որն այսօր ներկայացրել է կազմակերպության տնօրեն Վարուժան Օկտանյանը: Նա տեղեկացրել է, որ կենտրոնն անցկացրել է Հայաստանի ազգային ամբողջականության համակարգի երկրորդ հետազոտությունը:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի  հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Եղիա աբեղա Խաչատրյանը` ուխտազանցության և եկեղեցականին անհարիր ընթացքի համար: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Էջմիածնի միաբան Տեր Եղիա աբեղա Խաչատրյանը բաց նամակով դիմել էր Ամենայն հայոց կաթողիկոսին՝ հայտնելով, որ Մայր Աթոռում իր նկատմամբ անբարեհաճո վերաբերմունքի պատճառով հրաժարվում է Էջմիածնի միաբանության անդամությունից:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին, Ջեյմս Ուորլիքին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Զ րույցի ընթացքում շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը առաջ մղելու վերաբերյալ: 

Կալանավորվել են օրերս զորամասերից մեկում մահացած շարքային Վանիչկա Հովակիմյանին ինքնասպանության հասցնելու գործի շրջանակներում ձերբակալված երկու զինծառայողները՝   Շմավոն Կյուրեղյանը և Պարույր Մկրտչյանը: 

Իրանական գազն ավելի շահավետ այլընտրանք կարող է լինել ռուսականի նկատմամբ, եթե Հայաստանի իշխանությունները, վերջապես, այդ հարցի շուրջ բանակցություններ սկսեն ԻԻՀ հետ: Դեկտեմբերի 16-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանը: 

Երևանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը այսօր նշել է, որ Եվրամիությունը մտադիր է շարունակել Հայաստանում բարեփոխումների իրականացումը, դա չափազանց կարևոր է ԵՄ համար: 

Դեկտեմբերիի 16-ին մեկնարկել է Հայաստանի նկարիչների միության հերթական՝ 18-րդ համագումարը, որին մասնակցում է միության 500 անդամ:Միության նախագահի պաշտոնում առաջադրվել են երեք թեկնածու՝ Ռոբերտ Այվազյանը, Արմեն Աթանյանը և Կարեն Աղամյանը: 

Չինաստանի Շենչժեն քաղաքում բացված ցուցահանդեսին այսօր ներկայացվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադիր Մաո Ցզեդունի ոսկյա արձանը, որի արժեքը կազմում է 16 միլիոն դոլար, նրա ստեղծման վրա ութ ամիս շարունակ աշխատել են 20 քանդակագործներ: 

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ հետ ստորագրել ասոցացման համաձայնագիրը թեկուզ վաղը:  Բիլդտը նաև քննադատել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ հայտնելով, որ նա իր քաղաքականության մեջ առաջնորդվում է երկակի ստանդարտներով: 

Չմոռանանք նաև iLur.am-ի այսօրվա խմբագրականի մասին: 

Այսպիսին էր այսօրվա օրը. սպասենք վաղվան:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայի նախագահը Օլիմպիադային չի ժամանի Սոչի’
Հաջորդ հոդվածը‘Դու գողակա՞ն ես, թե՞ Շիրակի մարզի ոստիկանապետ. Մամուլ’