‘
Օրվա ընթացքում տեղի ունեցան երկու կարևոր դատավարություններ` ՀԱԿ չորս ակտիվիստների և Արամ Մուղալյանի ու իր ընկերների դատական նիստերը:
Ժամը 12:00-ին Վերաքննիչ քրեական դատարանում` դատավոր Եվա Դարբինյանի գլխավորությամբ, մեկնարկեց քաղբանտարկյալ երիտասարդների դատավարության հերթական նիստը, որի ժամանակ փաստաբան Շուշանյանը ներկայացրեց երեք միջնորդություն, որոնցից բավարարվեց միայն մեկը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին:
Ինչ վերաբերվում է Արամ Մուղալյանի դատական գործին, այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կտրուկ վատթարացել է Արթուր Քլյանի առողջական վիճակը, ում հենց դատական դահլիճից տեղափոխել են հիվանդանոց: Դատի ժամանակ դատավորի կողմից մերժվել է պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը` մեղադրայի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:
Այսօր բացվել է «Երևան Սիթի» վերածված Փակ շուկան, սակայն դեռևս միայն որպես շուկա: Անճանաչելի դարձած շուկայի միայն առաջին փոքրիկ հատվածն է նախատեսված միրգ, բանջարեղենի վաճառքի համար, որտեղ առևտուր է իրականացնում ընդամենը երեք-չորս վաճառասեղան։
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 19-րդ կմ-ի մոտակայքում «ԲՄՎ» մակնիշի 33 LP 339 պետհամարանիշի ավտոմեքենան, դուրս գալով ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել է Ձկնագետ գետը: Հրշեջ-փրկարարները դուրս են բերել ՀՀ ՊՆ զինծառայողներ՝ 1973 թ. ծնված փոխգնդապետ Ս. Խ.-ին, 1988 թ. ծնված ավագ լեյտենանտ Լ. Ա.-ին, 1995 թ. ծնված Գ. Մ.-ին և 1995 թ. ծնված Վ. Գ.-ին, ովքեր տեղափոխվել են Սևան քաղաքի բժշկական կենտրոն:
Այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, որին կփոխարինի Դաշնակցական Արամայիս Գրիգորյանը:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում խորհրդի 7 անդամների միաձայն որոշմամբ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին:
Օրվա ընթացքում Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է շարունակել երկխոսությունը հայկական կողմի հետ համագործակցության հետագա խորացման համար այն ոլորտներում, որոնցում դա հնարավոր է այնպես, որպեսզի այն չհակասի Մաքսային միության շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորություններին:
Այսքանն էին օրվա կարևոր իրադարձությունները, իսկ թե ինչ կլինի վաղը` կհետևենք միասին:
‘