‘Օրվա համառոտ ամփոփում’

933

Օրը համեմատաբար հանգիստ էր.

Այսօր Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը լրագորղների հետ հանդիպմանը ներկայացրել է անցնող տարվա ընթացքում իշխանությունների կողմից թույլ տրված ներքին և արտաքին քաղաքական ու տնտեսական 13 ձախողումները։ Ներքաղաքական ձախողումների շարքում պատգամավորն առանձնացրել է երկուսը` կեղծված նախագահական եւ Երեւանի ավագանու ընտրությունները: 

Քննչական մեկուսարանից ազատ է արձակվել Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանը, ով կալանավորված էր այս տարվա ապրիլի 2-ին Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչյա Մուրադյանի սպանության գործով:

Հրանտ Մաթեւոսյանի տիկինը՝ Վերժինե Մովսիսյանը այսօր բաց նամակով դիմել է Սերժ Սարգսյանին, որը ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

ՀՀ փաստաբանների պալատը մտահոգված է 2014 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակային նոր համակարգի, մասնավորապես՝ պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրմամբ: Հարցին մոտենալով զուտ իրավական տեսանկյունից` պալատը շեշտում է, որ պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրումը նախ և առաջ հակասում է ՀՀ Սահմանադրությանը:

Ձեզ ենք ցանկանում ներկայացնել այն պատգամավորների ցանկը, ովքեր վերջին ամիսների ընթացքում աչքի են ընկել հայհոյելու իրենց յուրահատուկ ունակություններով: 

Ֆրանսիան ծրագրել է օրինականացնել էֆթանազիան: Եթե դա տեղի ունենա, ապա նա կդառնա Եվրամիության չորրորդ երկիրը, որն օրինականացնում է ինքնասպանությանն օժանդակելը: Անցյալ շաբաթ խորհրդատվական «քաղաքացիական կոնֆերանսը» հանդես է եկել առաջարկով՝ քրեորեն պատժելի հանցանքների ցանկից հանել այն սպանությունը, որը բժիշկը կատարել է հիվանդի խնդրանքով:

Այսօր առավոտյան Կիևի մերձակա գյուղում անհայտ անձինք դաժան ծեծի են ենթարկել ընդդիմադիր լրագրող և Եվրամայդանի ակտիվիստ Տատյանա Չոռնովիլին: Ոստիկանության նախնական տվյալներով՝ իր սեփական ավտոմեքենայով ընթանալիս Չոռնովիլի ճանապարհը կտրել է անհայտ ավտոմեքենա, մի քանի տղամարդ  Չոռնովիլին դուրս են քաշել ղեկի մոտից, ծեծի ենթարկել, ապա նետել ճամփեզրի խանդակը:

Եւ վերջում` չմոռանանք մեր այսօրվա խմբագրականի մասին:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանի արկածները` 2013-ին. Համառոտ ամփոփում ‘
Հաջորդ հոդվածը‘Լֆիկի եղբորորդին վերջապես բոլորել է 25 տարեկանը և նշանակվել թաղապետ’