‘
Օրը լի էր ամենատարբեր իրադարձություններով.
Այսօր, ժամը 14-ին, տնտեսագիտական համալսարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության «պաշտպանությունը» տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանի համար, սակայն լսարանի մուտքը, որտեղ պետք է տեղի ունենար թեզի «պաշտպանությունը», արգելափակել են ինչ-որ անհայտ երիտասարդներ և խոչընդոտել լրագրողների աշխատանքը` ծաղրելով, հայհոյելով եւ իրենց լկտի պահելով:
Հետագայում պարզ է դարձել, որ երիտասարդները հանդիսանում են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ:
Դավիթաշենի 2-րդ թաղամասում «Տոնուս» ՍՊԸ-ի կառուցած շենքի բնակարանատերերն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, շարունակել են իրենց բողոքի ակցիան Կառավարության շենքի առջեւ, չնայած նախօրեին «Արցախբանկի» ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վերջիններս զգուշացրել էին, որ ցույցը կխանգարի ընթացող բանակցություններին:
Մասնակիցները երթով շարժվել են դեպի «Արցախբանկի» Սայաթ-Նովա փողոցում գտնվող գրասենյակ: Ակցիան շարունակելով` նրանք ձվեր են նետել բանկի պատուհանների ուղղությամբ:
Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը, ով կալանավորվել է նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ, հացադուլ է հայտարարել` ի նշան բողոքի:
«Իշխանությունը այլևս ոչ մի բանի առջև կանգ չի առնում, ինքը կեղտի մեջ թաղված է մինչև մազերի ծայրը և նոր անօրինականություններ է անում» -, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ Վահագն Խաչատրյանը :
Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովն արտահերթ նիստում անվավեր է ճանաչել դեկտեմբերի 23-ի հայ-ռուսական գազային համաձայնագրերի քվեարկությունը: Նախ, նիստից առաջ հայտնի է դարձել, որ ԱԺ աշխատակազմում հրաժարվել են բացել հանձնաժողովների նիստերի անցկացման համար սենյակը: Հանձնաժողովի անդամները ստիպված են եղել նիստն անցկացնել ՀՅԴ խմբակցության ղեկավարի սենյակում:
Այսօր Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արմեն Սարգսյանը, ով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրն է:
Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի հերթական՝ երրորդ նիստը: Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը անդրադարձ է կատարել նաև մամուլում շրջանառվող այն լուրերին, թե տրանսպորտի ուղեվարձը բարձրանալու է հունվարի 1-ից:
Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունն այսօր ամփոփիչ նիստ է անցկացրել, որի ժամանակ որոշվել է շրջանառության մեջ դնել խմբակցության յոթ անդամների հեղինակած ` «Արտակարգ դրության ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխումներ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագիծը:
ԱՄՆ ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը, որը հրապարակել էր ամերիկյան իշխանությունների կողմից էլեկտրոնային լրտեսման մանրամասնները, հրապարակել է նաև իր «այլընտրանքային» ամանորյա ուղերձը միջազգային հանրությանը և կոչ է արել դադարեցնել քաղաքացիների զանգվածային լրտեսումը:
Ղարաբաղյան պատերազմի վետերան, երկրորդ կարգի հաշմանդամ Զաուր Հասանովը երեկ Բաքվի կենտրոնում՝ Ադրբեջանի արհմիությունների կոնֆեդերացիայի շենքի դիմաց ինքնահրկիզման է դիմել: Հասանովն այդ քայլին դիմել է 1995թ. իրեն պատկանող սրճարանից զրկվելու պատճառով:
Եւ վերջում չմոռանանք նաեւ մեր օրվա մի մաս դարձած խմբագրականների մասին:
‘