‘Օրվա համառոտ ամփոփում’

606

Օրը սկսեց տխուր լուրով. պարանոցին և գլխին հասցված հրազենային վնասվածքներից այսօր առավոտյան զոհվել է 1993թ.-ին ծնված ազգությամբ հայ Սերգեյ Նիգոյանը: 

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից iLur.am-ին տեղեկացրին, որ Նիգոյանը ծնունդով Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքից է, սովորում էր հայրենի քաղաքի սպորտային ուսումնարանում, դեկտեմբերի 8-ից մասնակցել է Կիեւի «Եվրամայդանին»` հանուն եվրաինտեգրացիայի ուկրաինայի հասարակության մղած խաղաղ պայքարին:

Այսօր Եռաբլուրում հողին հանձնեցին ադրբեջանական դիվերսիոն խմբերի հարձակումը կասեցնելու ժամանակ հերոսաբար նահատակված ԼՂՀ պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի աճյունը: Միաժամանակ այսօր՝ Ստեփանակերտում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Սուրբ Հակոբ եկեղեցում ներկա է եղել կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակին նվիրված հոգեհանգստյան պաշտոնին:

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր որոշման նախագիծ է ներառել Կառավարության վաղվա նիստի օրակարգ, որով նախատեսվում է դրական եզրակացություն տալ «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին: Ըստ օրինագծի օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին բանակից տարկետում կտրամադրվի անհատական կարգով` ՀՀ կառավարության սահմանած դեպքերում եւ կարգով: 

2013 թ. դեկտեմբերի սկզբին Երևանում հանդիպման ժամանակ Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանը և Ահմեդ Դավութօղլուն շոշափել են Հայոց ցեղասպանության ճանաչմանն առնչվող հարցեր, հունվարի 22-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքով, հանդիպման ընթացքում Դավութօղլուն նույն դիրքորոշումն է հայտնել, որը 4 տարի առաջ ուներ:

ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունը այսօր հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ Երևանում «սուր էկզոգեն թունավորում, անհայտ էթոլոգիա» ախտորոշմամբ 5 անձ տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր նորից հայտարարել է, թե իբր Հայաստանը Ադրբեջանի պատմական տարածքն է՝ նշելով՝ իրենք ապագայում կվերադառնան եւ կապրեն իրենց պատմական հողերում:

Եւ վերջում չմոռանանք նաեւ մեր այսօրվա խմբագրականի մասին:

Նախորդ հոդվածը‘Երևանում տեղի կունենա համերգ` Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակներում’
Հաջորդ հոդվածը‘Հունգարացի օլիմպիական մարզիկներն ահաբեկչության սպառնալիք են ստացել’