‘Օրվա համառոտ ամփոփում’

660

Կիեւում իրավիճակը լարված է. չնայած Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը երեկ բանակցություններ էր վարում ըննդիմության առաջնորդների հետ` այսօր «Եվրամայդանում» տեղի ունեցող առանձնակի դաժանությամբ բռնությունները շարունակվում են. տարածքը վերածվել է պատերազմական գոտու: Կենտրոնական փողոցներից «Բերկուտցիները» առեւանգում են ակտիվիստներին եւ տանելով քաղաքից դուրս՝ դաժան ծեծի ենթարկում՝ հասցնելով մահվան:  

Իսկ Կիևի շրջանային դատարանները այսօր կալանավորել են Կիևի Գրուշևսկի փողոցում անկարգությունների մեջ կասկածվող ևս 11 հոգու: Այդ մասին ասվում է Կիևի դատախազության մամլո ծառայության հաղորդագրությունում:

Այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտներն ակցիա են անցկացրել նախագահական նստավայրի դիմաց ավելի քան 1.5 տարի նստացույց անցկացնող քաղաքացի Էմմա Սահակյանին պաշտպանելու համար: Նրանք կարմիր սլաքներով պաստառներով շրջապատել էին Սահակյանին՝ ցանկանալով հանրության և պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել, ինչպես իրենք են նշել, մարդու իրավունքների խախտման այս մասնավոր դեպքի վրա: 

Այսօր Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանը մերժեց «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի բողոքը՝ անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի դեկտեմբերի 28-ի` կալանքի ժամկետը 2 ամսով, մինչև մարտի 5-ը, երկարաձգելու: Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը կալանքի մեջ է գտնվում նոյեմբերի 5-ից և մեղադրվում է իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություններ կիրառելու մեջ: 

Մոսկվայի արբիտրաժային դատարանը այսօր բավարարել է Միջպետական բանկի հայցը` հայկական «Նաիրիտ» գործարանի սեփականատիրոջից 107,95 մլն դոլար բռնագանձելու վերաբերյալ: Մասնավորապես, դատարանը պարտավորեցրել է վճարել 68.6 մլն հիմնական պարտքը, ինչպես նաեւ տոկոսները եւ վարկով վերցրած գումարը: 

Այսօր՝ հունվարի 23-ին, միջադեպ ու ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀ ՊՆ Վանաձորի N զորամասում: Գիշերը ժամը 04:00-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 1992թ-ին ծնված Հայկ Գ.-ն այցելել է զորամաս, որպեսզի տեսակցի այնտեղ ծառայող եղբորը: Դեռևս անհայտ պատճառներով իր և մի քանի զինվորների միջև լեզվակռիվ է առաջացել, որը վերածվել է ծեծկռտուքի: Մանրամասները՝ այստեղ

Հայաստանի և Արցախի սահմաններում իրավիճակը վերահսկելի է, և ժողովրդի մոտ որևէ մտահոգություն չպետք է լինի, որովհետև մեր զինվորականները պատշաճ կերպով կատարում են իրենց խնդիրը: Այդ մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ներկայացնելով վերջին օրերին ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: 

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանը այսօր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, ազատվել է աշխատանքից: Հիշեցնենք , որ այսօր համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որը վերնագրված էր «Վարդան Ղուկասյանի որդու հերթական հարձակումը», որտեղ պատկերված է Վարդան Ղուկասյանի որդին իր ընկերների հետ, որոնք մեքենաներով մոտենում են քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատանը, նրա հասցեին հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցնում: Սպարտակ Ղուկասյանը սպառնացել էր «խփել տալ» Բալասանյանին:  

Եւ վերջում չմոռանանք նաեւ մեր այսօրվա խմբագրականի մասին:

Նախորդ հոդվածը‘Ֆիլարետ պատրիարքը հրաժարվել է Յանուկովիչի պարգևից.«Խնդրում եմ ինձ պարգևներ չհանձնել»’
Հաջորդ հոդվածը‘ՏԻգրան Սարգսյանի «գիտելիքահեն տնտեսության» անկումը. «Ժողովուրդ»’