‘Օրվա համառոտ ամփոփում’

885

Այսօրը սկսվեց Եվրոպայից մեզ հասած ցավալի լուրով. 77 տարեկան հասակում վախճանվել է Բելգիայի նախկին վարչապետ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարթենոսը, ով երկու օր առաջ կուսակցության ղեկավարի իր պարտականությունները լիազորել էր Ժոզեֆ Դուլին: 

Քաղաքացիական ակտիվիստները այսօր երթ են կազմակերպել դեպի ՀԾԿՀ շենքը՝ բողոք հայտնելով, իրենց կարծիքով, գազի անօրինական թանկացման դեմ: Իրենց պահանջները չկատարելու դեպքում ակցիայի մասնակիցները սպառնում են դիմել քաղաքացիական անհնազանդության և գազի ու էլեկտրաէներգիայի դիմաց վճարել նախկին գներով: 

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդիպում է ունեցել Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակ Գեդիմինաս Կիրկիլասին, որի ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ համագործակցությանը, Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին: 

Այսօր Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատվել է Մնացական Սարգսյանը, ում փոխարեն նշանակվել է Հրաչյա Բադալյանը: 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի համակարգող Ա. Սաքունցը՝ անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի չորս ակտիվիստների գործին նշել է, որ Տիգրան Առաքելյանը այն անձն է, որի ազատ արձակվելու դիմումով կազմակերպություններ եւ անհատներ դիմում են ուղարկել Եվրոպայի խորհրդին, ՄԱԿ-ի կառույցներին: 

Այսօր հեռախոսազրույց են ունեցել ՀՀ և ՌԴ վարչապետներ Տիգրան Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը, ովքեր քննարկել են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միության հետ Հայաստանի համագործակցության հետագա ընդլայնմանն առնչվող հարցեր:

Հայաստանի գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Կորյուն Փիլոյանն այսօր իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Փիլոյանը՝ վատ իմաստով առավել շատ հայտնի է դարձել 2008-ի մարտիմեկյան սպանդից հետո ընդդիմադիրների դեմ հարուցված քրեական գործերով: 

Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում ստորագրահավաք է ընթանում ռեկտոր Արա Ավետիսյանի կամայականությունների դեմ: Ուսման վարձերը բարձրացել են, աշխատավարձները՝ նվազել:

Իսկ սպորտի եւ երիտասարդության փոխնախարար, էքսցենտրիկ վարքով հայտնի Խաչիկ Ասրյանը կոչ է արել խարույկի վրա վառել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին՝ Սերժ Սարգսյանին իր համար ոչ այնքան հաճելի հարց տալու համար:

ՌԴ ԱԳՆ ՄՄՀՊԻ Միջազգային հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Լեոնիդ Գուսևը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի պաշտոնում Իլհամ Ալիևի վերընտրվելուց հետո այդ երկրի արտաքին քաղաքականությունը կմնա անփոփոխ: «Չեմ կարծում, թե տեղի կունենան նոր փոփոխություններ ղարաբաղյան գործընթացում կամ  տարածաշրջանում` ամբողջությամբ վերցրած: Ավելի շուտ, ամեն ինչ կշարունակվի նույն հունով», — նշել է փորձագետը: 

Ի դեպ, Ալիեւը ավելի քան 70 տոկոս քվեներով «հաղթում է» նախագահական ընտրություններում:

Նախորդ հոդվածը‘Էրեբունի-Երևան կապակցված տոնը՝ հնամյա ու հնամաշ քաղաքի տոնը չէ’
Հաջորդ հոդվածը‘Վարչապետը մեկնել է Մոսկվա փող հայթայթելու՞. Մամուլ’