‘Օրվա համառոտ ամփոփում’

814

Այսօր Ազգայի Ժողովի հինգերորդ նստաշրջանում քննարկվեց գազի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որի հիմնական զեկուցողն է Արամ Մանուկյանը: Իր ելույթում պարոն Մանուկյանը նշեց, որ ԱԺ 49 պատգամավորներ ԱԺ նախագահին են հանձնել այս հարցի հետ կապված նախագիծը, եւ ինքը զեկուցում է ԱԺ չորս խմբակցությունների անունից:

67 կողմ, ձեռնպահ՝ 1 ձայներով ԱԺ-ում ընդունվեց Գալուստ Սահակյանի առաջարկած հաշվիչ հանձնաժողովի անդամների թվի ավելացման առաջարկը,իսկ ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները հրաժարվեցին անդամակցել այդ հանձնաժողովին: 

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր հրապարակեց «Ժառանգություն» խմբակցության գրությունը, որի համաձայն խմբակցության նոր ղեկավարը այսուհետեւ կլինի Ռուբեն Հակոբյանը, իսկ քարտուղար՝ Թեւան Պողոսյանը: Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավար Զարուհի Փոստանջյանը ուսման նպատակով մեկնել է ԱՄՆ:   

Այսօր Ծաղկաձորի մարզաբազայի տարածքում գտնվող Թթու ջուր կոչվող տարածքում հայտնաբերվել է «ԱրմենՏել» ընկերության կոմերցիոն տնօրեն, 35-ամյա Արչիլ Մագրադձեի դիակը: «ԱրմենՏել» ընկերության լրատվական ծառայությունից հայտնել են, որ Մագրադձեն հավանաբար մահացել է դժբախտ պատահարի հետևանքով: 

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունը: Հիշեցնենք, որ հունվարի 21-ին՝ երեկոյան ժամը 20.00-ի սահմաններում, Սպարտակ Ղուկասյանը՝ հարբած վիճակում, մի խումբ ընկերների հետ երկու մեքենայով գնացել է Սամվել Բալասանյանի տուն ու հերթական «դեբոշը»սարքել:

Պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող  «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է անում փետրվարի 6-ին միանալ իրավունքի նվաճման երթին: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք այստեղ:

ԱՄՆ-ը շարունակում է ջանք գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մյունխենի անվտանգության խորհրդաժողովում։ Նրա ասելով, ԱՄՆ գործուն կերպով և հետևողականորեն աշխատում է ամենուրեք: «Կիպրոսում մենք աշխատում ենք աննկատ։  Դուք դրա մասին չեք լսում։ Աշխատում ենք նաեւ Լեռնային Ղարաբաղում, Կովկակսում»,- հայտարարել է Քերին:

Եվ վերջում չմոռանանք մեր այսօրվա խմբագրականի մասին:


Նախորդ հոդվածը‘Խճճված «Նաիրիտ». ՀՅԴ-ն առաջարկում է ԱԺ-ում ուսումնասիրել քիմհսկայի իրավիճակը’
Հաջորդ հոդվածը‘Կոկորդիլոսները «ռասխոդ» արվեցին, հերթը՝ «սվարովսկի» քարերով ձեթինն է. «ՀԺ» ‘