‘Օրվա համառոտ ամփոփում’

697

Օրը համեմատաբար հանգիստ էր.

Այսօր Ազգային ժողովում այսօր՝ փետրվարի 7-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ներկայացրել է «Որոտան ՀԷԿՀ» ՓԲԸ-ի ակտիվներ հանդիսացող պետական գույքի մասնավորեցման անօրինականության իրավական հիմնավորումները: Հայտարարությունը ամբողջությամբ կարող եք ընթերցել այստեղ

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը իր խոսքում նշել է, թե երբ մարդիկ տեսնում են, որ ոչ իշխանական խմբակցությունների կողմից առաջարկած յուրաքանչյուր հարց մերժվում է մեծամասնություն կազմող կուսակցության կողմից, ապա օրակարգում մնում է միայն մեկ հարց՝ իշխանափոխությունը: Նա հավելել է նաեւ, որ ոչ իշխանական խմբակցությունները ետ չեն կանգնելու այս օրակարգից, իսկ նպատակին հասնելու ճանապարհները այժմ քննարկվում են: 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը իր հերթին անդրադարձել է Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, որով նա խոստացել էր գազի հարցերով խորհրդարանական քննարկում կազմակերպել: Պատգամավորը նշել է, որ իրենք որեւէ ամբիցիա չունեն, եւ թո՛ղ այդ հանձնաժողովը կոչվի «Հանրապետական կուսակցության անվան գազի հանձնաժողով»: 

Նաիրա Զոհրաբյանը հայտնել է նաեւ, որ փետրվարի 15-ին տեղի կունենա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը: Հիշեցնենք, որ սա կլինի ԲՀԿ-ի թվով 7-րդ համագումարը: Վերջին համագումարը կուսակցությունը անց է կացրել 2012թ. մարտի 17-ին:

Այսօր  Սոչիի «Фишт» մարզադաշտում մեկնարկել է  XXII ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը: Երեկ տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն, որը ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը կազմակերպել է Օլիմպիադա-2014-ի մասնակից երկրների առաջին դեմքերի համար: Հանդիպմանը ելույթ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: 

Հայտնի են դարձել նաեւ օլիմպիական խաղերում հայ մարզիկների ելույթների օրերն ու ժամերը, որոնց կարող եք ցանոթանալ այստեղ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր աշխատանքային այց է կատարել Դիլիջան՝ հետեւելու միջազգային դպրոցում տարվող շինարարական աշխատանքներին: Լրագրողների հետ զրույցում նա է, որ իրականացվում է ժամանակակից շինարարություն՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք Հայաստանում դեռևս չեն օգտագործվել: Ըստ Սարգսյանի՝ դպրոցի բացման արդյունքում Հայաստանի համբավը կբարձրանա: 

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկն փետրվարի 7-ին արձագանքել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածների կասեցման վերաբերյալ բազմաթիվ գրություններին: Հայտարարության մեջ ԿԲ-ն հորդորում է ձեռնպահ մնալ ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման տարաբնույթ ընկալումներից՝ նշելով, որ հետագայում հետեւանքները կարող են ավելի ծանր լինել: 

Եվ վերջում չմոռանանք նաեւ մեր այսօրվա խմբագրականի մասին: 

Նախորդ հոդվածը‘Վրաստանում մոտավորապես հազար կալանավորներ հացադուլ են հայտարարել’
Հաջորդ հոդվածը‘Արցախի երիտասարդական կազմակերպությունները ԵԱՀԿ-ից պահանջում են միջադեպերի հետաքննություն անցկացնել’