‘Օրվա համառոտ ամփոփում’

617

Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 13-րդ մասնաշենքի բակում «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները մեծ դասամիջոցի ժամանակ իրազեկման ակցիա են անցկացրել ուսանողների համար։ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները ուսանողներին մեկ անգամ եւս հիշեցրել են, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքի ընդունումը հակասահմանադրական է: 

Նախաձեռնությունը այսօր հանդես է եկել Հայաստանի աշխատողներին եւ գործատուներին ուղղված կոչով, որը ամբողջությամբ ներկայացնում ենք այստեղ:  

Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Փետրվարի 24-ին խորհրդարանի հերթական քառօրյայի ժամանակ ոչ իշխանական չորս ուժերը ստորագրահավաք կկազմակերպեն`քառօրյայի ընթացքում 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի արտահերթ քննարկում նախաձեռնելու նպատակով: 

Փետրվարի 20-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Հարսնաքարի» գործով դատավարությունը: Տուժող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը դատարանին ներկայացրեց քաղաքացիական հայց՝ պահանջելով Վահե Ավետյանին կյանքից զրկելու հետեւանքով նրա խնամքին գտնվող անձանց կերակրողին կորցնելու փոխհատուցում: 

Այսօր կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը Ռոբերտ Նազարյանի առաջարկով հանձնարարել է գազի որակը ստուգելու համար լաբորատորիա եւ անկախ հանձնաժողով ստեղծել՝ հաշվի առնելով բնակչության եւ ջերմոցային տնտեսությունների ղեկավարների բողոքները՝ գազի որակի առնչությամբ, որի կազմում կլինեն նաեւ հասարակական կազմակերպություններ, գիտնականներ։ 

Կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը դեռ քննարկվում է ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների կողմից, և գալիք քառօրյայում չի ներկայացվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:   «Մենք այս պահին քննարկում ենք այդ նախագիծը, մեր մարտավարական քայլերը, բովանդակությունը իսկ թե երբ կմտնի ԱԺ օրակարգ, չեմ կարող ասել, գուցե մյուս քառօրյայում էլ այս հարցը քննարկման չդրվի», — ասաց Ռուստամյանը: 

Իրավիճակը շարունակում է լարված մնալ Ուկրաինայում. Այսօր Կիեւում տեղի ունեցած բախումների արդյունքում 100 մարդ է մահացել: Նման տեղեկություն է հաղորդել CNN-ը՝ հղում կատարելով Մայդանի բժշկական ծառայությանը: Աղբյուրի համաձայն, օրվա ընթացքում վիրավորվել է 500 մարդ: 

Ուկրաինայի ՆԳ նախարար Վիտալի Զախարչենկոն հանդես է եկել քաղաքացիներին ուղղված ուղերձով, ըստ որի՝  հրահանգել է ՆԳՆ աշխատակիցներին մարտական զենք բաժանել, եւ դրանք կիրառել «Միլիցիայի մասին» օրենքին համապատասխան: 

Եվ վերջում, iLur.am-ի այսօրվա խմբագրականը կարող եք կարդալ այստեղ

Նախորդ հոդվածը‘Կիևում ևս մեկ հայ է զոհվել’
Հաջորդ հոդվածը‘Կիեւի օդանավակայանում 64 VIP չվերթ է գրանցվել’