‘Օրվա համառոտ ամփոփում’

755

Այսօր սկանդալային դեպք է արձանագրվել Էլիտ Պլազայում, որտեղ անց էր կացվում Կենսաթոշակային երրորդ միջազգային համաժողովը: Համաժողովին մասնակցում էին Տիգրան Սարգսյանը, ԱՄՆ դեսպանը, փորձագետներ, սակայն, դրա անցկացման մասին նախապես տեղեկացվել էին միայն մի քանի ԶԼՄ-ներ: Ըստ երեւույթին, կազմակերպիչները նպատակ են ունեցել բոլորի աչքից հեռու անցկացնել միջոցառումը: «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները, սակայն, պատահաբար իմացել են միջոցառման մասին եւ այսօր ներկայացել համաժողովի անցկացման վայրը: Նախաձեռնության անդամները մտել են դահլիճ, սակայն կազմակերպիչները նրանց բռնի ուժով դուրս են հանել այնտեղից:

Նախաձեռնության անդամները այսօր իրականացրել են նաեւ «լուսավորման երթը», որն ընթանում էր հայրենասիրական երգերի ու բվանկարկումների ուղեկցությամբ: 

Կենսաթոշակային բարեփոխումներին արձագանքել է նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ում կարծիքով, կենսաթոշակային բարեփոխումներն անհրաժեշտ են Հայաստանին եւ ԱՄՆ-ը աջակցելու է Կառավարությանը` կենսաթոշակային նոր համակարգ ձևավորելու հարցում: Ըստ դեսպան Հեֆերնի, հանրության աջակցությունը այս գործում շատ կարևոր խնդիր է. «Ես կոչ եմ անելու կառավարությանը, որպեսզի այս գործընթացը պարզ ընկալելի լինի և հաջողություն ունենա»,- լրագրողների հետ զրույցում նշեց նա:

Այսօր «Արմավիա» ավիաընկերության արդեն նախկին աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել ընկերության նախկին գրասենյակի մոտ՝ Սախարովի հրապարակում: Ակցիայի մասնակիցները պահանջում էին իրենց աշխատավարձերը, որն ընկերությունը հրաժարվում է վճարել այն պարագայում, երբ առկա է դատարանի որոշում՝ հօգուտ նախկին աշխատակիցների:

Ազգային ժողովում կայացել է Պետաիրավական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը առաջարկել է խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված  «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին  օրենքի նախագծի քննարկումը հետաձգել մեկ տարով:

Ուկրաինայում օրը համեմատաբար հանգիստ էր. Նախագահ Վիկտոր Յանուկովիչի նստավայրում կայացել է Ուկրաինայում ճգնաժամի հաղթահարման Համաձայնագրի ստորագրումը: Մի կողմից փաստաթուղթը ստորագրել է Յանուկովիչը, մյուս կողմից՝ «ՈւԴԱՐ» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն, «Բատկիվշինա»-ից՝ Արսենի Յացենյուկը, եւ «Ազատություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոկը:

Եվ վերջում, մեր այսօրվա խմբագրականը կարող եք կարդալ այստեղ:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի անտառները ոչնչանում են լեռնահանքային գործունեության թափոնների տակ’
Հաջորդ հոդվածը‘Կուտակայինի արդյունքում՝ տարիներ անց քաղաքացիները ստանալու են 40.000 դրամ թոշակ. «168 ժամ»’