‘Օրվա համառոտ ամփոփում’

928

Օրը համեմատաբար հանգիստ էր.

Ազգային ժողովում այսօր շարունակվեց մարտի մեկի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ԱԺ որոշման նախագծի քննարկումը, որի ժամանակ պատգամավորները հանդես եկան ելույթներով:

Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը  իր խոսքն ուղղեց ՀՀԿ-ում եղած այն ազնիվ մարդկանց, որոնք կարեւորում են նման հանձնաժողովի ստեղծումը, եւ լավ մտածելու դեպքում՝ կողմ կքվեարկեն: 

Կոնգրեսի անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Ելույթը ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղԱրամ Մանուկյանը իր հերթին խորհուրդ տվեց ՀՀԿ-ին այս հարցով իրենց տեսակետները մատուցել այնպիսի մարդկանց միջոցով, ովքեր գոնե վարկաբեկված չեն: Նա նշեց, որ համոզված է, որ գալու է այն ժամանակը, որ հենց նույն ՀՀԿ-ն է միանալու Կոնգրեսի նախաձեռնությանը, քանի որ եթե արդեն այդ նախաձեռնությանը 46 պատգամավոր է միացել, ապա դժվար չի լինելու այդ թիվը հասցնել 66-ի: 

Առանձին ելույթներում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու Կոնգրեսի այս նախագծին: ՀՅԴ անունից ելույթ ունեցող Արծվիկ Մինասյանը եւս նշեց, որ իրենք կողմ են քվեարկելու: ԲՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցող Նաիրա Զոհրաբյանը ընդգծեց, որ պետք չէ վախենալ քաղաքական ձեւակերպումներից, եւ որ այս հարցը ե՛ւ քաղաքական է, ե՛ւ իրավական է, ե՛ւ սոցիալական, ե՛ւ առաջին հերթին նաեւ բարոյական է: 

«Վազգեն Խաչիկյանի և մյուսների» գործով այսօրվա դատական նիստում Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, թե Վազգեն Խաչիկյանի հետ համակուրսեցիներ են եղել և սովորել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։ Դատարանը ամբաստանյալների խափանման միջոցը փոխելու միջնորդությունը քննարկման առարկա չդարձրեց և հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի հարցը որոշելու համար, որտեղից վերադառնալուց հետո Մակյանը հայտարարեց, որ ինքնաբացարկի որոշում է ընդունել, քանի որ իր և Խաչիկյանի հարաբերությունները կարող են ազդել գործի ելքի վրա։ 

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր և կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնում է «Հրապարակ» թերթի այսօրվա հրապարակմանը, որտեղ գրված էր, թե Ուրիխանյանը մոտ ապագայում ամուսնանալու է և հարսնացուն՝ իբր ուկրահինուհի է: 

Այսօր մեր խմբագրություն են դիմել Ավանի հոգեբուժական կլինիկայի բժիշկների գերակշիռ մասը և մեզ են տրամադրել ՀՀ առողջապահության նախարարին իրենց կողմից ուղղված նամակի պատճենը, որտեղ բժիշկները պատմում են, որ Ավանի հոգեբուժական կլինիկայի ղեկավար Արեգա Հակոբյանը Ավանի հոգեբուժական կլինիկան վեր է ածել իր և իր մի քանի թիմակիցների համար բիզնես օբյեկտի և հեշտ եկամուտներ ստանալու վայրի: 

Իրավիճակը լարված է Ղրիմում. թաթարների Մեջլիսի նախագահ Ռեֆատ Չուբարովն իր ֆեյսբուքյան էջում հաղորդել է, որ հինգշաբթի գիշերը անհայտ անձինք գրավել են Ղրիմի Գերագույն ռադայի և կառավարության շենքերը: «Զանգահարեցին 20 րոպե առաջ ու հայտնեցին, որ առանց տարբերանշանների համազգեստավոր զինված անձինք գրավել են Ղրիմի Գերագույն ռադայի և կառավարության շենքերը: Առայժմ նրանք որևէ պահանջ չեն ներկայացրել…»,- գրել է Չուբարովը: 

Որոշ ժամանակ անց պարզվել է, որ շենքերը գրավվել են «Ղրիմի ռուսալեզու բնակչության ինքնապաշտպանության ներկայացուցիչների» կողմից: 

Հայտարարությամբ է հանդես եկել Վիկտոր Յանուկովիչը ով նշել է, թե նախկինի պես իրեն համարում է Ուկրաինայի նախագահը, եւ խնդրել է Ռուսաստանին՝ ապահովել իր անվտանգությունը՝ իշխանությունը բռնազավթած «ծայրահեղականների» գործողություններից: 

Եվ վերջում iLur.am-ի այսօրվա խմբագրականը կարող եք կարդալ այստեղ

Նախորդ հոդվածը‘ԱԳՆ-ն հույս ունի, որ Ուկրաինայում վիճելի հարցերին խաղաղ հանգուցալուծում կտրվի’
Հաջորդ հոդվածը‘Նիկոյանը ցնցող հայտարարություն է արել. «Ժողովուրդ»’