‘Օրվա համառոտ ամփոփում’

767

Իրավիճակը լարված էր Արագածոտնի մարզում6 գյուղերի բնակիչներ, ի նշան բողոքի, այսօր փակել էին Երևան-Վանաձոր մայրուղին: Օհանավան, Կարբի, Նոր Երզնկա, Ուշի, Արտաշավան, Սաղմոսավան գյուղերի բնակիչները պահանջում են դադարեցնել Ապարանի ջրամբարի հաշվին կառուցվող ՀԷԿ-ի շինարարությունը: Նրանք պնդում են, որ ՀԷԿ-ի կառուցման դեպքում ոռոգման ջուրը կնվազի, և հայտնի «Դեմիրճյանի այգիները» կչորանան: 

Բնակիչներից մեկը iLur.am-ին տեղեկացրեց, որ Արագածոտնի մարզպետի, Երեւանից ժամանած բարձրաստիճան ոստիկանների ուղեկցությամբ բողոքավորները, ճանապարհը բացելուց հետո, մեկնել են «Դեմեր» կոչվող այգիներ եւ հորդորել են դուրս բերել շինտեխնիկան: Ողջ տեխնիկան` մի քանի բեռնատարներ եւ ամբարձիչներ, մեկնել են տարածքից: 

ՀՀ կառավարությունը այսօր հավանություն է տվել Ազ­­գա­յին ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատ­յա­նի օրենսդրական նա­­խա­ձեռ­­նու­թյունը: Պատգամավորն առաջարկում է «Ֆի­զի­կական անձանց բան­կա­յին ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարել և գործող օրենքի դրույթները տա­­րածել նաև իրա­վա­բանական անձանց վրա:

Իսկ ԱԺ  պատգամավորները շրջանառության մեջ են դրել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է լրատվամիջոցների նկատմամբ պատասխանատվություն սահմանել՝ սոցիալական ցանցերից անանուն օգտատերերի էջերի վիրավորական և զրպարտական բնույթի տեղեկատվությունը հրապարակելու համար: Համաձայն օրենքի նախագծի՝ «Տեղեկատվության հեղինակը համարվում է անհայտ, եթե շահագրգիռ անձը, գործադրելով ողջամիտ ջանքեր, չի կարող նույնականացնել հեղինակին՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ է տեղ գտել վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը»:

Մարտի 5-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպանատանը տեղի է ունեցել Լիտվայի դեսպանի, Շվեդիայի ժամանակավոր հավատարմատարի և ԵՄ անդամ երկրների փոխդեսպանների հանդիպումը Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակության հետ: Ծավալված զրույցի ընթացքում քննարկվել են ԵՄ Ասոցացման համաձայնագրի  նախաստորագրումից Հայաստանի հրաժարվելու, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի բացակայության պատճառները: 

Ուկրաինայի վերջին իրադարձությունները և ռուսական ռուբլու արժեզրկումը կարող են բացասաբար անդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա: Մարտի 6-ին այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը` պատասխանելով լրագրողների հարցերին: Նախարարը նշել է, որ կարող են տեղ գտնել բացասական ներգործության մի քանի գործոններ, և հիմնականը Ռուսաստանից Հայաստան  փոխանցումների կրճատումն է:

Գերությունից հայրենիք վերադարձած Մամիկոն Խոջոյանը Իջևանի բժշկական կենտրոնից այսօր տեղափոխվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` Երևանից գործուղված բժիշկ-վնասվածքաբանի ուղեկցությամբ: Հիվանդի վիճակն այս պահին մասնագետները գնահատում են կայուն ծանր:  Վերակենդանացման բաժանմունքում նա ստանում է ներերակային թերապիա: 

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ հայտնի Լիսկան, այսօր սենսացիոն հայտարարություն է արել: Նա նշել է, որ Ավետիք Բուդաղյանը 2013-ի հունիսի 1-ին այնքան խմիչք էր ընդունել, որ կարող էր հենց դրա հետեւանքով էլ մահանալ:

Ղրիմի խորհրդարանը որոշում է կայացրել Ռուսաստանի կազմի մեջ մտնելու մասին: «Մտնել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ ՌԴ մարզի կարգավիճակով», -ասվում է որոշման մեջ, որը «РИА Новости»-ն է տրամադրել Ղրիմի խորհրդարանի պատգամավոր Սերգեյ Շովաննիկովը: 

Եվ վերջում iLur.am-ի այսօրվա խմբագրականը կարող եք կարդալ այստեղ:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Քաղաքական ուժերը պատասխան կտան ոչ թե ՀԱԿ-ին, այլ`ժողովրդին’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանը մտադիր է վերանայել ՌԴ մուտք ու ելքի ժամկետային սահմանափակումները. «Ժողովուրդ»’