‘
Մինչ անդրադառնալը օրվա հիմնական իրադարձություններին, նշենք, որ հունիսի 8-ին Հայաստանի 59 համայնքներում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների ընտրություններ: ՏԻՄ ընտրություններում գրանցվել էր 66 թեկնածու, որից 17-ում թեկնածուները մրցակից չունեին: ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ Գորիսում Սուրիկ Խաչատրյանի թեկնածուն՝ ՀՀԿ-ական Վաչագան Ադունցը հավաքել է 4732 ձայն, իսկ նրա մրցակիցը՝ Հրայր Յոլյանը՝ 2956 ձայն:
Հունիսի 9-ին ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում տեղի ունեցավ ԱԺ 4 ոչիշխանական խմբակցությունների ներկայացուցիչների հերթական նիստը, որի արդյունքներով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հաղորդեց, որ վաղը ժամը 13:30 քառյակը հանդես կգա համատեղ մամուլի ասուլիսով, որի ժամանակ կհրապարակվեն այն 12 պահանջները, որոնք ներկայացվելու են կառավարությանը:
Այսօր մեկնարկած հերթական քառօրյային խորհրդարանը քննարկեց ԱԺ-ի կողմից Սահմանադրական դատարանի նոր անդամ առաջադրված՝ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արայիկ Թունյանի թեկնածությունը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ներկայացնելով խմբակցության դիրքորոշումն Արայիկ Թունյանի թեկնածությանը, նշեց, որ Թունյանը կհամալրի այն մարդկանց շարքը, ովքեր վախենում են ունենալ սեփական տեսակետ: ԲՀԿ քարտուղարը հայտնեց նաեւ, որ խմբակցությունը չի մասնակցելու Թունյանի քվեարկությանը:
Կոնգրեսի պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը համոզված է, որ ՍԴ անդամի թափուր պաշտոնում ԱԺ-ի կողմից նախագահականի աշխատակազմի իրավաբանական վարչության ղեկավարին նշանակելով՝ խախտվել է Սահմանադրությամբ սահմանված ՍԴ համամասնությունը: iLur.am-ի հետ զրույցում նա նշեց. «Եկեք վերանանք անձից, թե ում են առաջադրել: Սահմանադրության համաձայն՝ ՍԴ 5 անդամին նշանակում է ԱԺ-ն, 4-ին՝ նախագահը: Ուստի, ԱԺ-ի կողմից նշանակված ՍԴ անդամի տեղը թափուր մնալու դեպքում ենթադրվում է, որ այն պետք է լրացվի հենց ԱԺ ընտրությամբ, օրինակ՝ ԱԺ աշխատակազմից, թեկուզ՝ պատգամավորներից կամ բոլորովին այլ անձի: Բայց ԱԺ-ի թափուր տեղը այսօր լրացվում է նախագահի աշխատակազմից, և այսպես խախտվում է ՍԴ ձևավորման հիմքում դրված պարիտետային, ներքին հակակշռման սկզբունքը»:
Այնուամենայնիվ, 65 կողմ եւ 3 դեմ ձայների հարաբերակցությամբ Արայիկ Թունյանը դարձավ Սահմանադրական դատարանի անդամ: Քվեարկությանը մասնակցեց ընդամենը 68 պատգամավոր:
Տրանսպորտի և կապի նախարարի տեղակալը այսօր պատգամավորների ուշադրությանը ներկայացրեց Եվրոպական զարգացման բանկից 60 մլն եվրո վարկային միջոցների ներգրավման մասին վարկային պայմանագիրը, որոնք ուղղվելու են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Լանջիկ-Թալին հատվածին: «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը փոխնախարարից հետաքրքրվեց, թե որքան է կազմում տրամադրված նախկին մեծ վարկը, և ինչու՞ է առաջ քաշվել նոր վարկի անհրաժեշտություն: Անդրադառնալով մի քանի ամիս շարունակ դադարեցված աշխատանքներին, Մանուկյանը պահանջեց հստակեցնել, թե ի՞նչն էր դրա պատճառը:
Հունիսի 16-17-ը ՀՀ Ազգային ժողովում նախատեսվում է քննարկումներ անցկացնել Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարության շուրջ, ըստ որի` Հայաստանը պետք է Մաքսային միություն մտնի առանց Լեռնային Ղարաբաղի:
«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որով պահանջում է դադարեցնել քաղաքապետարանի նախաձեռնած ապօրինի քանդման աշխատանքները: Հայտարարությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:
Այսօր Ալթայի ավաններից մեկում հեղեղումների ժամանակ աջուրը բալիստիկ հրթիռի սանդուղք է բերել: Ականատեսների վկայությամբ՝ ջուրը հեղեղել է ավանից ոչ հեռու գտնվող զորամասը, որտեղ պահվում են միջուկային զենք տեղափոխելու համար նախատեսված բալիստիկ հրթիռներ: Հաղորդվում է, որ մի քանի հրթիռներ էլ լող են տալիս բնակավայրի մերձակայքում:
Հունիսի 7-ին Ուկրաինայի նախագահի լիազորությունները ստանձնած Պյոտր Պոռոշենկոն այսօր հայտարարել է, որ անհրաժեշտ է արդեն այս շաբաթ դադարեցնել կրակը երկրի արևելքում: Այս հայտարարությունը հնչել է Սլավյանսկում ուկրաինացի զինվորականների և անջատականների միջև նոր բախումների ֆոնին: Պոռոշենկոյի խոսքով՝ առաջին հերթին անհրաժեշտ է վերականգնել պետական սահմանի աշխատանքը՝ ապահովելու համար Դոնբասում բնակվող քաղաքացիների անվտանգությունը՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից:
Պակիստանի զինվորականները վերսկսել են հատուկ գործողությունը Կարաչիի միջազգային օդանավակայանում, որը, ինչպես հաղորդվել էր դրանից առաջ, ազատագրվել էր գրոհայիններից: Օդանավակայանում փոխհրաձգությունը վերսկսվել է: «Մենք վերսկսել են հատուկ գործողությունը և օժանդակ ուժեր ենք կանչել»,- հայտնել է Պակիստանի ՆԳՆ ներկայացուցիչը:
Եվ վերջում, iLur.am-ի այսօրվա խմբագրականը կարող եք կարդալ այստեղ:
‘