‘Օրվա համառոտ ամփոփում’

966

Այսօր Ազգային ժողովի չորս ոչիշխանական խմբակցությունները իշխանությանն են ներկայացրել 12 պահանջ, որոնց ամփոփումը նախատեսվում է իրականացնել աշնանը՝ հանրահավաքի ժամանակ: Հայտարարության մեջ նշվում է, որ քառյակը հաստատում է Հայաստանում հիմնարար փոփոխություններ կատարելու, քաղաքական և տնտեսական համակարգը առողջացնելու, Հայաստանը զարգացման ուղու վրա դնելու համատեղ ջանքերի գործադրման վճռականությունը: 

ՀՀ ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունների համատեղ քաղաքական օրակարգը մեծ հաջողություն է: Այս մասին հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` անդրադառնալով հրապարակված 12 կետերին: Զուրաբյանի խոսքով, քաղաքական 4 ուժերը քաղաքագիտական, մեթոդաբանական և գաղափարախոսական տարբեր հայացքներ ունեն, սակայն նրանց միավորում է մեկ բան` Հայաստանի և Արցախի անվտանգությունը, պետական կառույցների նկատմամբ անվստահությունը, արտագաղթի աղետալի մասշտաբները, համակարգային կոռուպցիան և սոցիալական անարդարությունը:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը իր հերթին հայտնել է, որ հայտարարության մեջ իրենք փորձել են ամրագրել այն լրջագույն խնդիրները, որոնց լուծումը էականորեն կնպաստի Հայաստանի Հանրապետության վիճակի բարելավմանը:

Խոսելով այսօր հրապարակված՝ ոչ իշխանական քառյակի 12 պահանջների մասին` ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը դրանք որակել է որպես քաղաքական մշակույթի մի նոր մակարդակ` նշելով, որ առաջին անգամ ավելի մեծ օրակարգով, ցանկով են ներկայացնում իրենց համատեղ մոտեցումները` արդեն իսկ ստեղծված իրավիճակի հետ կապված: 

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, այսօր  լրագրողների հետ զրույցում նկատել է, թե այդ կետերում նշված հիմնական հարցերն ընդգրկված են կառավարության ծրագրի մեջ, եւ ինքը շատ ուրախ է, որ «Քառյակը շատ առողջ առաջարկություններ է անում»: 

* * *

ԱԺ-ն այսօր վավերացրել է Եվրոպական ներդրումային Բանկի հետ 60 մլն եվրոյի վարկային համաձայնագիրը: Ինչպես իր ելույթում նշել է տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը, համաձայնագիրն ստորագրվել է 2013 թվականի նոյեմբերի 7-ին, որի համաձայն՝ ԵՆԲ-ն Հայաստանին կտրամադրի 60 մլն եվրո, «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարությունը շարունակելու նպատակով: Վարկային միջոցները նախատեսվում են ուղղել Թալին-Լանջիկ 27.4 կմ հատվածի շինարարությանը: 

Հայտարարությունների ժամին «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը չորս խախտում է ներկայացրել, որոնք հիմնավորում են «Որոտանի» հիդրոկասկադի վաճառքի կոռուպցիոն և հակաօրինական լինելը: «Ուզում եմ շեշտել, որ մեր պայքարն ընդդեմ այդ անօրինական գործարքի պայմանավորված է ոչ թէ նրանով, որ մեզ դուր չի գալիս ամերիկյան ընկերությունը, այլ որ սրանով տեղի է ունենում պետական գույքի ուղղակի կողոպուտ՝ ուղեկցված մեր ստրատեգիական ջրային պաշարների զավթմամբ և հայ-իրանական հարաբերությունների վտանգմամբ»,-նշել է նա: Մանրամասները՝ այստեղ

ԱԺ-ում 2013 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ դիմելով հիմնական զեկուցող, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին՝ ՀԱԿ  խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հիշեցրել է, որ միայն արագաչափերի գործունեության արդյունքում հավելյալ 2.9 մլրդ դրամ շահույթի աճ է արձանագրվել, ինչի  արդյունքում 30/70 հարաբերակցությամբ այդ ՍՊԸ-ի (խոսքը «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի մասին է) սեփականատերերը ստացել են մոտ 10 մլրդ հավելյալ շահույթ: 

Հունիսի 10-ին Ազատամարտիկների դաշտային խորհուրդը կազմակերպել է «ՀՀ արտաքին քաղաքականության ձախողումը Աստանայում» թեմայի շուրջ քննարկում: Խորհրդի անդամ Լեռնիկ Մաղաքյանը մեր հետ զրույցում նշեց, որ իրենք իրականացնելու են «Առաջին գծի» ծրագիրը, որը  իրենից ենթադրում է ոչ միայն սահմանային գիծը, այլ նաեւ պայքարը Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության դեմ: 

Կոմիտաս 5ա-ի բնակիչները այսօր տարածել են կառավարության արձագանքին ի պատասխան հայտարարություն, որտեղ կառավարության որոշումը որակում են որպես մերկապարանոց հայտարարությունների շարան, որը ևս մեկ անգամ վկայում է այն իրողության մասին, որ չինովնիկները սպասարկում են միայն իրենց սեփական շահերը: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք այստեղ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այսօր՝ հունիսի 10-ին, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում: Մինչ դիտարկման սկիզբը արձանագրվել են կրակոցներ ադրբեջանական կողմից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ, սակայն դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: 

Եվ վերջում, iLur.am-ի այսօրվա խմբագրականը կարող եք կարդալ այստեղ

Նախորդ հոդվածը‘Ալմոդովարը և Վենդերսը կոչ են արել ազատ արձակել ռեժիսոր Սենցովին’
Հաջորդ հոդվածը‘Բնակչության մեկ շնչին ընկնող պետպարտքի բեռնվածությունը գերազանցել է 1500 դոլարը’