‘Օրվա համառոտ ամփոփում’

767

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 8-ի լույս գիշերը Փարիզի հիվանդանոցում մահացել է Արցախի ազատամարտում մեծ դերակատարում ունեցած, «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, Գերագույն խորհրդի եւ ԱԺ երկու գումարումների պատգամավոր, ազատամարտիկ, երկրապահ Սմբատ Այվազյանը:

Մարզահամերգային համալիրում այսօր տեղի է ունեցել նրա վերջին հրաժեշտի արարողությունը, իսկ մարմինը հողին է հանձնվել Եռաբլուրում:

* * *

Այսօր Ազգային ժողովում բրիֆինգների ժամին «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարել է, որ Կոնգրեսի միակ պահանջը եղել ու շարունակում է մնալ իշխանափոխությունը: «Պայքարը հիմա գնում է ժամանակի հետ, այսինքն՝ եթե ժամանակը գնաց, մարդ չմնաց: Այսինքն՝ ժամանակն այդ առումով ի վնաս մեզ է աշխատում. շատ հստակ զգացվում է, թե որքան են գնում, որքան են արտագաղթում: Իշխանությունը հենց դրան է գնում՝ ինչքան ուշացնի այդ պահանջ- խնդրի կատարումը, էնքան քիչ կլինեն պահանջողները»,- նշել է Մանուկյանը: 

Խոսելով ռուս լրագրող Կիսելյովի աղմկահարույց պահվածքի մասին, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ Կիսելյովի` խորհրդարան գալու օրն ինքը զարմացել է աննախադեպ աժիոտաժից, որ ցուցաբերել են նրան սպասող պաշտոնյաներն ու լրագրողները: 

Այսօր ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբը այցելել է Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ և հանդիպել Հայկ Կյուրեղյանին: Արդյունքում՝ խումբը առանձնազրույցի ընթացքում և համապատասխան գրանցամատյանը ուսումնասիրելու ընթացքում արձանագրվել է, որ Հ. Կյուրեղյանը ունի բազմաթիվ մարմնական վնասվածքներ, որոնց վերաբերյալ Հ. Կյուրեղյանը հրաժարվել է որևէ հայտարարություն անել, նշելով, որ ավելի ուշ կանդրադառնա դրանց: 

Հունիսի 13-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի դատավարությունը: Այն պահին, երբ դատախազ Պապիկյանը ընթերցում էր Ավետիսյանի հեռախոսազանգերի վերծանումը, ազատամարտիկները սկսեցին շշուկով զրուցել, որոնց ի պատասխան՝ դատավոր Լեւոն Ավետիսյանը զրուցողին պահանջեց ներկայանալ: Դահլիճից պատասխան չլսելով՝ դատավորը հայտարարեց,- «Կնոջ փեշի տակ թաքնվելով չէ։ Տղամարդ եք՝ ասեք՝ ով է ծիծաղել»։ Լեւոն Ավետիսյանի այս բառերը առաջացրեցին ազատամարտիկների զայրույթը եւ վիճաբանություն սկսեց Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկերների եւ դատավորի միջեւ: Դիմելով դատավորին՝ նրանք նշեցին,- «Դու ո՞ւմ փեշի տակ էիր, երբ մենք պատերազմում էինք»։

Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման օրը բրազիլացի ոստիկանների և բողոքի ցույցերի մասնակիցների միջև բախման արդյունքում վիրավորվել է հինգ հոգի: Հունիսի 12-ի առավոտյան ոստիկանությունը արցունքաբեր գազ, ռետինե մահակներ և «աղմկող» ռումբեր է կիրառելՍան-Պաուլուում՝ «Արենա Կորինտիանս» մարզադաշտից ոչ շատ հեռու հավաքված ցուցարարների նկատմամբ: Հարյուրավոր ցուցարարներ փորձել են փակել դեպի մարզադաշտ տանող ճանապարհը: Ոստիկանությունը բերման է ենթարկել երկու հոգու՝ վանդալիզմի, ևս մեկին էլ՝ մոտը «Մոլոտովի կոկտեյլի» շիշ  ունենալու համար:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմը քննարկում է զինված իսլամիստների դեմ  պայքարում Իրաքի կառավարությանն աջակցելու զանազան տարբերակներ, այդ թվում՝ ուղղակի ռազմական միջամտությունը: «Մենք շահագրգռված ենք, որ ջիհադականները չկարողանան հիմնավորապես ամրանալ Իրաքում կամ Սիրիայում»,- ասել է Օբաման՝ Սպիտակ տանը  Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթի հետ հանդիպման ժամանակ: 

Եվ վերջում, iLur.am-ի այսօրվա խմբագրականը կարող եք կարդալ այստեղ

Նախորդ հոդվածը‘Քրեական գործը կարճելու համար քննիչը ստացել է խոշոր չափերի կաշառք’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ. Ջիհադականներն Իրաքում սպանում են առանց դատ ու դատաստանի’