‘Օրվա համառոտ ամփոփում’

702

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տվյալներով՝ այսօր ժամը 15:00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի  հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից հրազենյակին գնդակային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Մովսես Նորայրի Գասպարյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: 

Հակառակորդը այսօր կրկին խախտել է հրադադարի ռեժիմն ու շուրջ 30 րոպե կրակ բացել Տավուշի մարզի Չինարի և Այգեձոր գյուղերի ուղղությամբ:  Այս կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ հայկական զինված ուժերը պատասխանել են թշնամու կրակոցներին, և այժմ սահմանին կրկին իրավիճակը հանգիստ է: 

Սոչիում Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջեւ հուլիսի 11-ին ստորագրվել է ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների եւ ՀՀ տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կարգի մասին համաձայնագիր: Փաստաթղթի ստորագրմանը ներկա են եղել Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետներ Հովիկ Աբրահամյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը:  Համաձայնագրով նախատեսվում է, որ մի կողմի պետության տարածքում ժամանակավորապես գտնվող մյուս կողմի պետության քաղաքացիներն ազատվում են մուտքի պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու (ըստ գտնվելու վայրի՝ հաշվառման կանգնելու) պարտականությունից:  

Եվրամիությունը չի կորցրել Հայաստանի հետ համագործակցության իր հետաքրքրությունը, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն: Նրա խոսքով, «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում զգալի առաջընթաց է արձանագրվել երկկողմ փոխգործակցությունում: Դեսպանը նշել է, որ չնայած Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը` ԵՄ-ն շարունակում է ինչպես ֆինանսական, այնպես էլ խորհրդատվական աջակցությունը Հայաստանին:

Շանթ Հարությունյանի և 13 ընկերների գործով այսօր անցկացվող հերթական դատական նիստի ընթացքում նախատեսված էր լսել տուժող ճանաչված ոստիկաններից հինգի, այդ թվում՝ նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ցուցմունքները, սակայն Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի վատ զգալու պատճառով նիստը հետաձգվեց, իսկ դատարանը հնարավորություն ունեցավ լսել ոստիկաններից միայն մեկի՝ Անդրանիկ Առաքելյանի ցուցմունքը: «Սկզբում թվում էր, թե պատրաստվում են խաղաղ երթ անցկացնել, սակայն, երբ երթը մեկնարկեց, մոտ 150 հոգի փորձեցին դուրս գալ փողոց՝ փայտե մահակներով: Այն ժամանակ, երբ ոստիկանները կատարում էին իրենց ծառայողական պարտականությունները, երթի մասնակիցները սկսեցին պայթուցիկներ տրաքացնել եւ չենթարկվեցին մեր օրինական պահանջին»,- ասաց ոստիկանը՝ հավելելով, որ ծխի հետեւանքով չի կարողացել տեսնել, աչքերը սկսել են մրմռալ, ինչի պատճառով էլ գործով տուժող է ճանաչվել: 

Հուլիսի 11-ին կայացած տեսակամուրջի ժամանակ ռուսական կողմից հարց-առաջարկ է հնչել` արդյո՞ք ժամանակը չէ ՀՀ Ազգային Ժողովում գոյություն ունեցող Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը տրանսֆորմացնել և ունենալ ԵՏՄ-ի ինտեգրման հարցերի հանձնաժողով: «Ինձ բնավ չեն զարմացնում այս կարգի հայտարարությունները և պնդումները: Եվ չեմ զարմանա, որ վաղը ռուսական կողմից ինչ-որ պաշտոնյա կիսելյովյան սերիայից որոշի, թե Հայաստանի խորհրդարանը այս կամ այն նստաշրջանում քանի օրենք պետք է ընդունի կամ էլ խորհրդարանի բուֆետը ինչ սակագներով պետք է գործի»,- այս մասին ասել է ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով այսօր տեղի ունեցած Երևան-Մոսկվա տեսամակուրջում ռուսական կողմից հնչած հարց-առաջարկը: 

Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության քրեական հետախուզության աշխատակիցները այսօր կանխել են հանցավոր հարձակման մեջ կասկածվող էթնիկ խմբի գործունեությունը: Նախորդ տարվա սեպտեմբեր ամսին Մոսկվայի Հարավային շրջանում նրանք ավազակային հարձակում են գործել Պետդումայի պատգամավորի օգնականի վրա՝ խլելով նրա ավտոմեքենան:  Ձերբակալվել է նախկինում դատապարտված 43-ամյա մի տղամարդ՝ Հյուսիսային Օսիայից, ինչպես նաեւ 39 եւ 43 տարեկան երկու կասկածյալներ՝ Հայաստանից

Եվ վերջում, iLur.am-ի այսօրվա խմբագրականը կարող եք կարդալ այստեղ:

Նախորդ հոդվածը‘Amnesty. Ուկրաինայի արևելքում մարդկանց առևանգում և խոշտանգում են’
Հաջորդ հոդվածը‘Չինաստանում միկրոավտոբուսն ընկել է լիճը. զոհվել է 11 մարդ’